Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանից գազի մատակարարումների ծավալների ավելացման խնդիրը նոր երևույթ չէ, այն մշտապես է եղել Թեհրան-Երևան բանակցությունների օրակարգում: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը: Բանախոսը նշեց, որ գազի ծավալների ավելացման խնդրից զատ օրակարգային հարցեր են նաև երրորդ բարձրավոլտային գծի շինարարության ավարտի խնդիրը, Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման խնդիրը և Նորդուզ անցակետի շինարարությունների ընդլայնման խնդիրը: Նրա խոսքերով այս հարցերի շուրջ կողմերի միջև հաճախ են հանդիպումներ կայացել, սակայն դրական ուղերձներից բացի այդպես էլ որևէ լուրջ տեղաշարժ չկա:
Անդրադառնալով Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի` Իրան կատարած այցին Պետրոսյանը նշեց. «Այս համատեքստում միակ նորությունը պաշտոնական հաղորդագրության մեջ նշված այն միտքն է, որ իրանական կողմը գազի ծավալների ավելացման հետ կապված նոր առաջարկ է ներկայացրել: Այս առաջարկի էության մասին չի բարձրաձայնվում և հստակ տեղեկություն էլ չկա, թե ինչի մասին է խոսքը: Միայն կարելի է ասել, որ այս փուլում կողմերը քննարկում են համատեղ փորձագիտական խումբ ստեղծելու հարցը՝ առաջարկը առավել մասնագիտական տեսանկյունից քննարկելու համար. սա էլ ցույց է տալիս, որ առաջարկը դեռ հում է»:
Հիշեցնենք, որ նախօրեին իրանական ԶԼՄ-երը հայտնեցին, որ նախարար Խուդաթյանի այցի շրջանակներում Թեհրանն առաջարկել է նոր առևտրային մոդել, որն ուղղված կլինի իրանական բնական գազի արտահանման ծավալների ընդլայնմանը դեպի Հայաստան։
Բանախոսը չբացառեց, որ գազի հարցով իրանական կողմի առաջարկներն ու այս ուղղությամբ բանակցային ակտիվությունը կապված է ռուսական նավթամթերքի և գազի մատակարարումների խնդիրների հետ, որոնք առավել հաճախ են նկատելի դառնում ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում: Պետրոսյանի նաև նշեց, որ իր գնահատմամբ Իրանի նոր առաջարկը չի կարող կապ ունենալ ԱՄՆ-ի հետ ընթացող հակամարտության հետ:
«Չեմ էլ կարծում, որ այն կարող է խոչընդոտներ ստեղծել կամ համադրելի չլինել ԹՐԻՓՓ նախագծի հետ: Խոսքն այս դեպքում գնում է առաջին հերթին Հայաստանի կարիքների հետ կապված խնդիրների լուծմանը: Երկրորդ, պետք չէ մոռանալ, որ ԹՐԻՓՓ նախագիծը դա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիման վրա զարգացող ծրագիր է»,-ասաց բանախոսը:
Նրա խոսքերով, եթե ԹՐԻՓՓ-ը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի արևելք-արևմուտք տրամաբանության մեջ է, ապա Իրանի առաջարկները, այդ նույն նախագծի հյուսիս-հարավ տրամաբանության մեջ են, որոնք իրենցից ենթադրում են ինչպես Հայաստանի հետ երկկողմ համագործակցության, այնպես էլ Հայաստանի տարածքով Ռուսաստանի և Սև ծովի հետ կապվելու հնարավորություններ Թեհրանի համար:
«Կարծում եմ, որ ԱՄՆ-ն դեմ չէ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և բնականաբար իրանական կողմի առաջարկները Հայաստանի հետ հարաբերությունների մասով չեն կարող խոչընդոտներ առաջացնել: Սա կարծում եմ նման հարցերի շուրջ հայկական կողմի աշխատանքային ուղղություններից մեկն է, բոլոր հնարավոր գործընկերների հետ ակտիվ և արդյունավետ կոմունիկացիան է, որի շրջանակներում ներկայացվում է, որ Հայաստանի միջոցով կամ Հայաստանի տարածքում իրականացվող նախագծերը երրորդ երկրների դեմ չէ: Սա շատ կարևոր գործոն է, որպեսզի տարընթերցումներ չառաջանան կարևոր նախագծերի շուրջ»,-ասաց բանախոսը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք իրանական գազը կարող է այլընտրանք դիտարկվել ռուսականին, Պետրոսյանը ասաց, որ ներկա պահին եղած շուկայական գների և պայմանների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ իրանական գազը չի կարող այլընտրանք համարվել ռուսականին, քանի որ իրանական գազը շատ ավելի թանկ է:
Միևնույն ժամանակ արևելագետը ընդգծեց, որ գազի մատակարարման համար այլընտրանքներ ունենալն անհրաժեշտ է: Ըստ Պետրոսյանի՝ պետք է քննարկել նաև Ադրբեջանից, Թուրքմենստանից և այլ խելամիտ ուղղություններով գազի մատակարարման տարբերակները:
«Սա կարևոր է, որպեսզի մատակարումների հետ կապված խնդիրների դեպքում երկիրը էներգետիկ ճգնաժամի մեջ չհայտնվի»,-ասաց բանախոսը: Նրա խոսքերով իրանական գազի մատակարարումների հետ միասին այլ մատակարարներից ներկրումը կկարողանա թուլացնել Ռուսաստանից Հայաստանի գազային կախվածությունը:


