Նվերներից մինչև տրավմաներ, հիասթափություն՝ սեփական հեքիաթից և Ձմեռ պապից. ամանորյա և ամենօրյա մի քանի խորհուրդ հոգեբանից՝ ծնողներին Zarkerak - Նվերներից մինչև տրավմաներ, հիասթափություն՝ սեփական հեքիաթից և Ձմեռ պապից. ամանորյա և ամենօրյա մի քանի խորհուրդ հոգեբանից՝ ծնողներին
Zarkerak Zarkerak - Նվերներից մինչև տրավմաներ, հիասթափություն՝ սեփական հեքիաթից և Ձմեռ պապից. ամանորյա և ամենօրյա մի քանի խորհուրդ հոգեբանից՝ ծնողներին
Նվերներից մինչև տրավմաներ, հիասթափություն՝ սեփական հեքիաթից և Ձմեռ պապից. ամանորյա և ամենօրյա մի քանի խորհուրդ հոգեբանից՝ ծնողներին

Նվերներից մինչև տրավմաներ, հիասթափություն՝ սեփական հեքիաթից և Ձմեռ պապից. ամանորյա և ամենօրյա մի քանի խորհուրդ հոգեբանից՝ ծնողներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ամանոր է ու «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ երեխայի ճիշտ զարգացման համար շատ կարևոր է  հեքիաթին և կախարդանքին հավատալը.«Հենց սա է ապահովում  երազելու ունակությունը,  ստեղծագործ մտածողության զարգացումը, խաղային երևակայությունը: Իհարկե կախարդանքի զգացումը չպետք է  պարունակի այն սուտը, որն իրականում խախտում է վստահության դաշտը  երեխայի և արտաքին աշխարհի միջև: Ձմեռ պապի հարցում  գործ ունենք այնպիսի մի փոքրիկ ստի հետ, որը չի վնասում հոգեկան առողջությանը, եթե շատ նրբանկատ և ճիշտ է կազմակերպվում մեծերի կողմից»:

Ըստ մասնագետի, շատ տարբեր են մեկնաբանությունները՝ ասել երեխային, որ Ձմեռ պապ չկա, երբ ասել, ինչպես ասել: Մի բան անխուսափելի է, վաղ թե ուշ երեխան իմանալու է ճշմարտությունը՝ նաև  ինքնուրույն.«Այս հարցում երեխայի հետ զրուցելիս շատ կարևոր է հաշվի առնել անհատական առանձնահատկությունները, երեխայի հարցերը: Եթե գանք  տարիքային զարգացմանը, ապա ավելի  շատ կարող են  կրտսեր դպրոցական տարիքից  նմանատիպ հարցեր առաջանալ՝  սոցիալականացման ակտիվացմամբ, այլ երեխաների հետ շփմամբ պայմանավորված»: 

Վատագույն տարբերակը ծնողի աննրբանկատությունն է, որը կարող նաև տրավմաստիկ լինել երեխայի համար՝  հանգեցնելով հիասթափություն,  երեխայի բաժին հեքիաթի ոչնչացման:

Ըստ մասնագետի, երբ ծնողը պարզապես հերքում է Ձմեռ պապի գոյությունը, ապա  երեխայի մոտ խախտվում է վերջինիս հանդեպ վստահության և ծնողի կողմից պաշտպանվածության բազային զգացումը.«Ստացվում է ՝ երեխայի աչքերում սուտը բացահայտվում է, նա մտածում է, կան տարբեր իրականություններ: Ծնողն է որոշողը՝ հեքիաթը կընդհատվի՞, թե՞ կունենա շարունակություն»:  

Իսկ ինչպես շարունակել հեքիաթը` իրականության հիմքերի վրա.«Շատ կարևոր է երեխային նախ լսել ու հիշել այս խորհուրդը՝ երեխաների մոտ երբեք չպետք է կեղծել, պարզապես  նրբանկատորեն տալ բացատրություններ, որ նա չմտածի՝  մինչև 6-7 տարեկանն այլ իրականության մեջ է ապրել, ու հիմա բախվում է մեկ այլ իրականության: Կարող ենք բացատրել, որ  իրականում Ձմեռ պապը թեև հեքիաթային կերպար է, բայց նրա գաղափարը մարդկանց միավորում է, երեխաներին երջանկացնում, մեծահասակներս էլ  փորձում ենք փոքրիկների համար հենց այդ տրամադրությունը ստեղծել: Արդյունքում երեխան ունենում է  զգացողություն ոչ թե որ իրեն խաբել են, այլ ինքը գեղեցիկ ավանդույթի մաս է»:

Նա նշում է, որ կարելի է  նաև երեխային  առաջարկել տեղափոխվել մեծերի դաշտ, ու իրենից ավելի փոքրիկների համար օգնել ապահովել տոնական տրամադրությունը:

Հոգեբանն ասում է՝ Ձմեռ պապի թողած ոչ ցանկալի նվերն էլ կարող է տոները փչացնել, բայց այս հարցում մատնանշում է հարակից այլ  երևույթներ.«Իրականում սա պայմանավորված է ընտանիքի արժեհամակարգով՝ արդյոք առաջին տեղում դրված են  նյութական արժեքները, թե ոչ:  Ժամանակաշրջանն իրենը թելադրում  է,  դրանից խուսափել չենք կարող: Եթե երեխային ընտանիքը  ճիշտ արժեքներ է փոխանցում, նա սովորում է, որ Ձմեռ պապիկի նվերը պետք է լինի ընդամենը գեղեցիկ ավանդույթ, այլ ոչ թե հիմնական խնդիրը լինի դրա չափն ու գինը: Եթե մեծացնում ենք  թվեր ու գներ ճանաչող երեխա, նա անկախ տոնից՝ ցանկացած դեպքում ունենալու է  չբավարարության զգացում»:

Իսկ Ձմեռ պապը միայն խելոք երեխաներին է նվերներ բերում: Հոգեբանի համոզմամբ՝ ծնողների կողմից տարածվող այս թեզը ոչ միանշանակ է.«Շատ հաճախ Ձմեռ պապիկի գոյության, նվերի և կախարդանքի գոյությունն այնքան է արժեզրկվում, որ դառնում է առևտուր երեխայի հետ: Կարող  են  ասել՝  հաց կեր,  քեզ լավ  կպահես, թե չէ նվեր չես ստանա»: 

Նաև նկատում է, Ձմեռ պապիկին գրվող նամակների ավանդույթը շատ կարևոր է, բայց դրանք պետք է գրվեն ոչ թե ամեն գնով զարգացնելու գերազանցիկի սինդրոմը, թե երեխան իրեն որքան լավ ու ճիշտ է պահել, այլ հնարավորություն տան տարին ամփոփելու՝ արածի ու չարածի համատեքստում.«Մեծերի հետ աշխատելիս  հաճախ ենք խոսում տարին ամփոփելուց, այս նամակը չպետք է դառնա տագնապալի քննություն՝ բարձր գնահատականների ակնկալիքով կամ կասկածներով՝  արդյոք բավարար լա՞վն է եղել նվեր ստանալու համար:  Երեխային շատ ավելի խորքային պետք է բացատրել նաև խելոք կամ լավը լինելու չափանիշները, նաև շրջապատի հետ հարաբերվելու համատեքստում»: 

Հոգեբանը նաև  կարևորեց հանգամանքը, թե իրականության մեջ երեխան Ձմեռ պապի ինչ կերպար է տեսնում,  արդյոք դա կապ ունի իր պատկերացումների հետ:  Նա նշեց, որ երեխաներ կան, որոնց համար Ձմեռ պապի անխնամ մորուքը, կեղտոտ հագուստը, կամ ոչ պատշաճ տեսքը կարող է միայն  ծիծաղ առաջացնել, բայց կան երեխաներ, որոնք կարող են այս հիասթափությունից տրավմա տանել.«Գուցե սա թվա ոչ այնքան կարևոր,  բայց Ձմեռ պապերը պետք է հոգեբանական  առումով էլ պատրաստվեն երեխայի հետ շփմանը. սա ավելի նուրբ աշխարհ է:  Ատրիբուտիկան  պետք է ստեղծվի այնպես, որ խուսափենք նաև Ձմեռ պապից վախենալու իրավիճակից: Երբ Ձմեռ պապը միանգամից սկսում է  բարձր  բղավելով խոսելով,չի տիրապետում շփման մշակույթին երեխայի համար հիասթափությունը պատրաստ է»,- ասաց հոգեբան Լուսինե Գրիգորյանը:

 

Մարիամ Մկրտչյան

28 Դեկտեմբեր, 2025 14:30
Վեր