Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանը հանդես է եկել եզրափակիչ ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.
՛՛Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ
Նախագահի հարգելի՛ տեղակալներ,
Հարգելի՛ պատգամավորներ,
Կառավարության հարգելի՛ անդամներ,
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին քննարկմանը, հարցեր տվեցին, հարցադրումներ արեցին։ Բայց, հայտնի հանգամանքների բերումով, քննարկումը մի տեսակ կիսատ ստացվեց, և ես ուզում եմ ընդունել իմ մեղքը։ Ըստ ամենայնի, տարիքն իրենն ասում է, և ես իմ կոմունիկացիոն հմտությունների վրա լրացուցիչ աշխատելու անհրաժեշտություն ունեմ, որովհետև երեկ ընդամենն ուզում էի ասել, որ հաշվի առնելով ընդդիմության զգայնությունները, չեմ ասում Կտրիճ Ներսիսյան։ Այսինքն՝ ոչ թե ասում եմ, այլ չեմ ասում, այս մարդիկ թողեցին, նեղացան, գնացին։ Բայց ես իրենց չեմ մեղադրում, ես, ըստ ամենայնի, իմ միտքը լավ չձևակերպեցի։ Այսօր որոշել էի, որ եզրափակիչ խոսքում գալու եմ, ասելու եմ՝ Գարեգին Բ, մեկ էլ ասացի կարո՞ղ է ՔՊ-ն սկսի․․․։ Ուզում էի ասել Գարեգին Բ կամ ուրիշ ավելի ձևակերպումներ և ասեի՝ հարգելի ընդդիմություն, որպես կարմիր գորգ՝ այս արտահայտությունը փռում եմ ձեր ոտքերի տակ և վերադարձեք խորհրդարան։ Այն էլ չթողեցին, որ ասեմ։
Եվ հիմա, հարգելի գործընկերներ, ամենահետաքրքիրն այն է՝ այս հարգելի ընդդիմությունն ի՞նչ լեգիտիմության թեմա է առաջ քաշում։ Ժողովուրդ ջան, լեգիտիմ չի՞, ասել եմ դեռ նախորդ գումարման խորհրդարանի վերջում, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում է ձեզ, հեղափոխություն արեք, ժողովուրդ ջան։ Ավելի լավ հեղափոխական իրավիճակ, քան ոչ լեգիտիմ ընտրությունը, ոչ լեգիտիմ իշխանությունը՝ չկա։ Դա դրախտ է ցանկացած ընդդիմության համար, ձևերն էլ ցույց ենք տվել՝ գնացեք Գյումրիից քայլելով կամ վազելով, կամ այն մի ընդդիմությունը չորս կողմերից էր գնացել, չգիտեմ՝ նստեք այն աթոռին, նստեք այն աթոռին, գնացեք հեղափոխություն արեք։ Այս ինչի՞ մասին է խոսքը, կեղծվել է ընտրությունը՝ այդ ո՞ւմ ձայնն է կեղծվել։ Ես եմ կոչ արել ժողովրդին դուրս գալ և հեղափոխություն անել։
Ինչո՞ւ այս մարդիկ անընդհատ չեն կողմնորոշվում՝ գնում են, գալիս են, դուրս են գալիս, ներս են մտնում, որովհետև այս մարդիկ լեգիտիմության խնդիր իրենք ունեն։ Իրենք այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, իրենք հասկանում են, որ տնվոր են գործուղված ինչ-որ մի միսիայի մասին։ Գիտեք, իրադարձություններն արագ են զարգանում, չի գալիս հանձնարարականը ինչ անել, չեն կողմնորոշվում, գնում են, գալիս են, գնում են, գալիս են։ Բայց սա իրենց պրոբլեմը չէ, սա մեր պրոբլեմն է, սա Հայաստանի Հանրապետության պրոբլեմն է։ Եվ ես կարծում եմ, որ այս է ընտրությունը՝ կամ մանդատները վայր դրեք և զբաղվեք հեղափոխությամբ, կամ եկել եք՝ նստեք, աշխատեք։ Ամեն բառի վրա նեղանալ, գնալը չեմ կարծում, թե ուժեղության նշան է։
Այստեղ քննարկումը շատ ակտիվ չեղավ։ Ես չեմ հիշում, գիտեք, որ երկու օր տևի Կառավարության ծրագրի քննարկումը։ Ճիշտ է՝ չեմ ստուգել, բայց գոնե տպավորությունների մակարդակում սա Կառավարության ծրագրի ամենակարճ քննարկումն է, սա չորրորդ ծրագիրն է, որ մենք քննարկում ենք։
Քննարկվող հարցերի մեջ կրկին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ կապված հարցերը որոշակի դերակատարում ունեին։ Ընդդիմության ներկայացուցիչն ասում է՝ ձեր հոգևորականի իդեալը Նավասարդ Կճոյանն է և դուք ուզում եք նրա միջոցով... Ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել, եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանն ընդունի այդ օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ կնստեմ և ամենայն հարգանքով իր հետ կքննարկեմ այդ օրակարգը։ Ես չեմ ասել երբեք, որ գիտեք ինչ, կան մերոնքականներ և կան ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարող է բարեվարքության կանոնները պահի, մյուս մասը չպահի։
Եվ, իմիջիայլոց, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է՝ բարեվարքության կանոններ և այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ։ Ես, ավելին, աշխատանքային մակարդակով ասել եմ, որ այո՛, կարծում եմ, որ նաև պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգևորականների համար։ Բայց խոսքը, այո՛, մեր ազգային արժեքների պահպանության մասին է, որովհետև մեր ազգային արժեքները դեֆորմացված են հենց այդ փաստի բերումով։
Ժողովուրդ, լավ եկեք ամեն ինչ դնենք մի կողմ՝ քաղաքական, մենք ինչպես կարող ենք հանդուրժել, որ մեր Սրբություն Սրբոցն ախտահարված է։ Լավ, եկեք ամեն ինչ դնենք մի կողմ։ Ուզում եք Վեհափառ ասենք, ուզում եք Գարեգին Բ ասենք, ուզում եք Կտրիճ Ներսիսյան ասենք, ինչ ուզում եք ասեք, այդ ամեն ինչից անդին կան փաստեր, որոնց մասին գիտի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր հավատացյալ։ Լեգիտիմության խնդիրն այդտեղ է, լեգիտիմությունը գերկարևոր հարց է։
Այսօր ընդդիմության ներկայացուցիչն ասում է՝ Հայաստանի քաղաքացիների 97%–ը հավատում է այդ եկեղեցուն։ Իհարկե, հավատում է, պրոբլեմն այդտեղ է, որ Հայաստանի քաղաքացիների 97%–ը հավատում է, իսկ եկեղեցու գլուխը չի հավատում Աստծուն ընդհանրապես, ինքը հոգևոր կյանք չունի, ինքը ժխտել է Աստծու հետ իր ուխտը, և այդ ուխտադրժությունը փաթաթված է մեր բոլորի վզին։ Ես պատրաստ չեմ այդ ուխտադրժության պատասխանատվությունը կրել, պատրաստ չեմ։ Գիտե՞ք ինչու, հիմա ասեմ ինչու։ Այսօր երկու անգամ Նոր Կտակարանի Մատթեոսի Ավետարանի երանիներից մի-մի նախադասություն հնչեցվեց, ես էլ ուզում եմ իմ նախադասությունը հնչեցնել Մատթեոսի Ավետարանի երանիներից. «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն, Երանի խաղաղարարներին, որովհետև Աստծու որդիներ պիտի կոչվեն։ Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք, սուտ ասեն։ Ցնծացեք և ուրախացեք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որ ձեզնից առաջ են եղել»։ Այ սրա համար ես չեմ կարող հանդուրժել։
Իսկ այսօր եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես են գալիս մարդիկ, ովքեր ասում եմ՝ չգիտեն Աստվածաշնչի, Կտակարանի, Ավետարանի մեջ ինչ տարբերություն կա, չգիտեն։ Նրանց համար եկեղեցին ընդամենը գործիք է, ընդամենը փող լվանալու մի համակարգ, քրեական ենթամշակույթի մի հերթական պլատֆորմ։ Սրա մասին է խոսքը։ Կրկնում եմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Պատարագի կանոնական տեքստում 40-ից ավելի անգամ «խաղաղություն» արտահայտությունը հնչեցվում է, հիմնականում՝ Աստծուն աղաչելով խաղաղության համար, Աստծուն աղաչելով աշխարհի խաղաղության համար։ Այսինքն՝ մի քանի տեղ ընդգծվում է «աշխարհին խաղաղություն»։ Կտրիճ Ներսիսյանը կամ Գարեգին Բ-ն պատերազմի կուսակցության ներկայացուցիչ է։ Ինչի՞ համար է պատերազմի կուսակցության ներկայացուցիչ։ Ինչ-որ այստեղ խոսվեց՝ հավատարմություն է կոնֆլիկտին, այն կոնֆլիկտին, որը բխում է ստալինյան հայրենասիրությունից, այն կոնֆլիկտին, որ դրվել է Հայաստանի Հանրապետության հիմքում։ Տեսեք ինչ են ասում. անընդհատ ինչի՞ մեջ են ինձ մեղադրում, ինձ մեղադրում են մի պարզ բանի համար։ Մի պարզ հարց եմ տալիս և խնդիր եմ առաջադրում՝ մենք մեր միջավայրում պետք է կարողանանք ապրել առանց արտաքին օգնության։ Իրենց ասածն ի՞նչ է, եթե մենք շարունակենք գնալ այն ճանապարհով..․Իսկ մենք բոլորս մինչև 2024 թվականը նույն ճանապարհով ենք գնացել, այդ ճանապարհի մեջ մի քիչ այսպես, մի քիչ այնպես, բայց բոլորս նույն ճանապարհով ենք գնացել։ Բոլոր ճանապարհները տանում են մի տեղ, գիտե՞ք որտեղ են տանում այդ ճանապարհները՝ մի տեղ, որտեղ ավարտվում է Հայաստանի անկախությունը։
Ընդդիմության մյուս ներկայացուցիչն ասում է՝ ի՞նչ եք ժառանգել և ի՞նչ եք ստացել։ Ասեմ, դաժան է, բայց ասեմ։ Ես, ընդ որում մինչև 2024 թվականն այդ երկրի վարչապետն եմ եղել և ասում եմ որպես այդ երկրի վարչապետ։ Մենք մարիոնետային պետությունը դարձրել ենք մի պետություն, որն անկախ և ինքնիշխան լինելու շանս ունի։ Այս քաղաքական ուժը, ոչ թե մարդիկ, որովհետև մարդկանց մի մասը, ես չեմ ուզում մարդկանց թիրախավորել, բայց այս քաղաքական տրամաբանությունն ինչի՞ է հայտնվել Հայաստանի քաղաքական դաշտում։ Որովհետև բոլորին ակնհայտ է դարձել, որ մենք հատել ենք, անցել ենք մարիոնետային տրամաբանությունից, դուրս ենք եկել, մտել ենք մի տրամաբանություն, որի ավարտին մենք կարող ենք, շանս ունենք լինել պետություն։ Իրենք եկել են, որ այդ շանսը զրոյացնեն։ Դրա մասին է խոսքը։ Սա է իրենց առաքելությունը։ Բայց ես իրենց մի բան եմ ասում՝ դուրս եկեք այդ առաքելությունից և դուք կդառնաք հայաստանյան քաղաքական ընդդիմություն, մենք կվիճենք շատ ավելի սուր։ Իմիջիայլոց, ձեզ չթվա, թե սա է սուր բանավեճը։ Սա մեզ համար հոյակապ, կոմֆորտ բանավեճ է, որովհետև այս բանավեճը նախորդ ութ տարում տարել ենք, սա մեզ համար շահեկան բանավեճ է։ Դժվար բանավեճն այն է, երբ մենք թուղթ ու գրիչով սկսենք վիճել իրար հետ։ Դուրս եկեք այդ տրամաբանությունից, և դուք խնդիր չեք ունենա։ Դուք որոշեք։
Ժողովուրդ, այս Սահմանադրության մեջ գրված է. «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է ընդունել օրենք։ Հայաստանի Հանրապետությունում հասարակական կազմակերպություններն էլ են անկախ, կուսակցություններն էլ են անկախ, բայց դա չի նշանակում՝ պետություն՝պետության մեջ։ Հայաստանի Հանրապետությունը կարող է օրենք ընդունել և ասել՝ դուք այս կանոններով պետք է ապրեք Հայաստանի Հանրապետությունում։ Այդ ինչպե՞ս Գերմանիան կարող է այդպիսի օրենք ունենալ, Հայաստանը չի՞ ունենա։ Եվ ես ուղիղ եմ ուզում ասել՝ Կառավարությունն ամենաուշը մեկ ամսվա ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում հաստատված ճգնաժամի մասին զեկույց կհրապարակի։ Առաջարկելու եմ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծել, այդ բոլոր փաստերը քննել և արդյունքում ընդունել օրենսդրական փոփոխություններ։
Այսօր քահանաներն աղքատության են մատնված, չքավորության, գիտեք ինչո՞ւ, որովհետև եկեղեցում էլ լավ տեղեր կան։ Ասենք՝ խեղճ ու կրակ շատ քահանաներ ուղարկվել են սարի ծայրին գտնվող եկեղեցի, որտեղ ամսվա մեջ 15 հոգի կգնա կամ չի գնա։ Ոչ մեկին չի հետաքրքրում՝ այդ մարդը սովա՞ծ է, առո՞ղջ է։ Քահանան ինչո՞ւ պիտի աշխատավարձ չստանա և պետության կողմից երաշխավորված, օրինակ՝ առողջության ապահովագրությունից ինչո՞ւ պիտի չկարողանա օգտվել, օրինակ՝ եկամտային հարկի վերադարձից ինչո՞ւ պիտի չօգտվի։
Ես ասում եմ հետևյալը՝ թող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հրավիրի Ազգային եկեղեցական ժողով և ասի՝ մենք կուսակրոնությունից հրաժարվում ենք։
Որոշվում է, ես ասում եմ՝ ինչ ուզում եք որոշեք, որոշեք, հրապարակեք և մեխանիզմներ դրեք, որ այդ որոշումը պահվելու է: Չի կարող, ամեն եպիսկոպոս չորս-հինգ երեխա ունի, ենթադրենք, այդպես ո՞նց կարող է լինել, ասենք ի՞նչ ենք անում, մենք ինչո՞վ ենք զբաղվում, և ես երբեք չեմ ասել՝ մերոնքականներ և ձերոնքականներ, ես ասել եմ՝ նրանք, ովքեր ընդունում են, որ խնդիր կա և պետք է լուծվի, և նրանք՝ ովքեր ժխտում են։ Ես անկեղծ եմ ասում։ Եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանն ասի՝ գիտեք, հա, ընդունում եմ, խնդիր կա, ես այս էջը կշրջեմ, կգնամ, կնստեմ կամ կհրավիրեմ՝ բոլորով, ընդ որում, դա իմ ու իր խնդիրը չէ, ժողովուրդ։ Սա մեր ազգային և պետական ինքնության խնդիրն է։ Եվ ասում եմ, այս խոցելիություններն ինչո՞ւ պիտի օգտագործվեն մեր պետության դեմ, այսինքն՝ պետություն՝ պետության մեջ, ո՞նց կարող է այդպիսի բան լինել։ Դա բացառված է, մենք դա թույլ չենք տալու։
Հիմա մյուս թեման. ընդդիմության ներկայացուցիչը եկել է, ասում է՝ մարդիկ ճիշտ, արդարացի Պապիկյանի հրաժարականն են պահանջում՝ բանակում տեղի ունեցող իրադարձությունների, ասում է, բայց չէ... չգիտեմ ոնց է ասում, ինչ է ասում: Հա, իմ հրաժարականն է պահանջում: Եկեք նայենք՝ 2002 թվականին 24 դեպք: Բա Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ չեն հրաժարական տվել, Գեղամ Մանուկյան: 2003-ին՝ 15, 2004-ին՝ 16: Բա Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ չի հրաժարական տվել, Սերժ Սարգսյանն էլ եղել է Պաշտպանության նախարար։ Հետո Սերժ Սարգսյանը բռնազավթելով եղել է նախագահ, Սեյրան Օհանյանը եղել է Պաշտպանության նախարար։ Թի՞վ եք ուզում. 2010 թվական՝ սպանության և ինքնասպանության 21 դեպք, բա ինչի՞ չեք հրաժարական տվել։ Կամ Սերժ Սարգսյանը, կամ Սեյրյան Օհանյանը մի հատ էլ ձեր խմբակցության ղեկավարն էր, բա ինչո՞ւ չէիք հիշում այդ մեխանիզմների մասին և այլն, և այդպես շարունակ:
Եվ այսօր մենք ուրիշ պրոբլեմ ունենք, այո՛, այսօր նախարարը միջազգային զեկույցի մասին է պատմում, այդ զեկույցն ասում է, որ ինքնասպանության պրոպագանդան բերում է նոր ինքնասպանություն: Մեր ընդդիմությունը երբեմն նախարարին, երբեմն՝ Կառավարությանը խոցելու համար զբաղված է ինքնասպանության պրոպագանդայով, և միջազգային զեկույցներն ասում են, որ մարդիկ կան, որ եզրին են, և երբ մարդը տեսնում է, որ այդպես մեծ հանրային ուշադրություն կա, դա հոգեբանական վիճակ է: Այդ վերջին կաթիլը, դա էլ է ազդեցություն ունենում, բայց ես փորձագետ չեմ, ես չեմ ուզում ոչ պրոֆեսիոնալ բաներ ասել, ուղղակի առիթ էր, եղավ:
Պետական պարտքի թեման՝ այս ի՞նչ պատմություն էր, այս ի՞նչ են սարքել։ Էդ ո՞վ է ասել, լսել եմ՝ ասել են դեֆոլտ, չգիտեմ ինչ: Մի անեկդոտ կա, որ ասում է՝ «անունդ ի՞նչ է, հազար ներողություն էլի, ասում է Սպարտակ, ասում է ընկեր, իսկ դու ո՞ր թիվ ես, ո՞ր»։ Հիմա ով որ դեֆոլտի մասին խոսում է, ուզում եմ ասել՝ ո՞ր թիվ ես, կամ Հայաստանում վերջին անգամ ե՞րբ ես եղել։ Այսինքն՝ այս ի՞նչ խելագարության կանխավարկած է, Հայաստանի Հանրապետության պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր առկա է։ Այսօր Հայաստանի Հանրապետության դրամով պետական պարտատոմսերը միջազգային ներդրողները գալիս են առնում, ճի՞շտ է պարոն Ֆինանսների նախարար, այսպիսի բան ե՞րբ է եղել վերջին անգամ։
Պարտքի հետ կապված՝ Հյուսիս-հարավը, որ կառուցվել է, ժողովուրդ, մեր պարտքի թիվն աճել է, իրենք, այդ թվում՝ խմբակցության ղեկավարի հայրիկի ժամանակ ստորագրել են, այդ պարտքը ստանձնել են, Հյուսիս-հարավում ոչ մի գործ չեն արել, արել են այն Արտաշատի ձեզ հայտնի կտորը, որը դարձել է միջազգային արբիտրաժ, ինչքան ալան–թալան, այդ պարտքը կախած է եղել, գործն արված չի եղել, և Հայաստանի Հանրապետությունը դրա համար տուգանքներ վճարելիս է եղել, որ վարկը ստորագրել է, գործը չի արել: Հիմա Երևան-Գյումրին պատրաստ է, այդ պարտքն արդեն սկսում է արտահայտվել: Հյուսիս-հարավի Ագարակ-Քաջարանը մեծ տեմպերով կառուցվում է: Իրենց ժամանակվա ստորագրած վարկային պարտավորությունները և պայմանագրերն են, և այդ պարտքը սկսում է արտահայտվել:
Երկրորդը, մայիսի 28-ին ամբիոնից ասացի՝ ցույց տվեցինք: Պարտքի հետ կապված՝ դուք ՀԷՑ-ի պարտքի մասին խոսեք: Տարել են ՀԷՑ-ի՝ Հայաստանի ռազմավարական, կրիտիկական ենթակառուցվածքի բաժնետոմսերի 100%-ը գրավ են դրել, այդ ամբողջը չէ, ու պարտք են վերցրել, ՀԷՑ-ը գրավ են դրել չգիտեմ որտեղ ու պարտք են վերցրել, ու Կառավարության ստանձնած ՀԷՑ-ն անցած տարի 143 միլիարդ դրամի պարտք է ունեցել ու այս պարտքի մի մասն էլ գիտե՞ք ինչ է՝ Հայաստանի բանկերից տոկոսով վարկ են վերցրել, իրենց հարազատներին առանց տոկոսի տվել են։ ՀԷՑ-ով իրենք Հայաստանի տնտեսության կոնկրետ ճյուղեր ոչնչացրել են, որովհետև գնումների ամբողջ համակարգը քանդել են։ Մարդիկ ինձ լացելով նամակներ են գրել, որովհետև այն՝ ինչ պետք է մրցութային ընթացակարգերով ձեռք բերեին, ամբողջն առել են իրենց բարեկամներից, հարազատներից, դա դեռ հեչ, ՀԷՑ-ը վարկ է վերցրել տոկոսով՝ առանց տոկոսի տվել են իրենց բարեկամներին, այդ իրենց բարեկամների կազմակերպություններն իբր մրցույթների մասնակցել են, այս փողը պտտել են իրենց ընտանիքի համար, շահույթներ-շահույթներ, ո՞վ է վճարել դրա համար և ո՞վ է վճարում՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի սպառողները։
Նորից եմ ասում՝ ով լեգիտիմությունից խոսի, դուք տանձից, խնձորից, այդպիսի բաներից խոսեք, ով պարտքից խոսի՝ դուք տանձից, խնձորից, այդպիսի բաներից խոսեք, լավ ամեն ինչ պետք է չափ ունենա չէ՞։ Հիմա էլ եկել են՝ վա՜յ, հրահանգը տվեց, լալահառա՜չ, էն խմբակցության ղեկավարը, երբեմնի աննկո՜ւն հեղափոխականը, որ պայքարում էր քոչարյանասերժական... Ես հենց այս ամբիոնից ասում եմ՝ դրանք փող պիտի չունենան, խեղճանում է, որովհետև հասկանում է, որ իր կռանիկներն են փակվելու: Սկզբից կպել էր ԶՊՄԿ-ին, ասաց ոչինչ, երևի շուտ հասկացավ, որ փող չկա, հեղափոխության մեջ փող չկա: Այո, Աննա Գրիգորյանի մասին եմ խոսում, հարմար պահն օգտագործեց, որտեղ կա փող, կպավ ԶՊՄԿ-ին և Վահե Հակոբյանին, աննկուն հեղափոխականից դարձավ աննկուն սանասարական։ Հետո ԶՊՄԿ-ի հետ գիտեք ինչ տեղի ունեցավ: Բա ո՞նց է հիմա լինելու այսպես, էլ որտե՞ղ փող կա։ Չէ, բայց չենք թողնի, որ այդքան... ասել եմ՝ պիտի փող չունենան, այնպես որ լրիվ ուրիշ բան պիտի մտածի:
Պատկերացրեք, ասենք հասկանում եք չէ, ես երեկ երեկոյան խոսում եմ, հրահանգ եմ տալիս այստեղից՝ առավոտյան գործողությունը, եթե հրահանգ՝ ժողովուրդ ջան, ես հրահանգն այստեղ չեմ տվել, ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում՝ 2026 թվականի հունիսի 5-ին: Ինչո՞ւ եմ այնտեղից տվել, որովհետև ոչ մեկ չի ասում, «Պիացա Գրանդե», «Սպայի տունը»՝ պատմամշակութային հուշարձանը քանդել են, տեղը Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի սեփականությունն է, ո՞նց: «Play City», թենիսի մանկապատանեկան կենտրոնը վերցրել են մարդիկ՝ դարձրել իրենց համար Orange: «Toyota Երևան»՝ մի կողմից, եթե ես ճիշտ հասկացա, Ռուբինյանի հետ էինք նայում, մի հատ հողն են տվել, մի հատ էլ գնացել են փայ են մտել «Toyota Երևանի» մեջ։ Պարոնյան 8 շենքի տեղը, հին շենք է եղել, վերցրել են կոպեկներով: «Կապուտակ-Սևան», «Կոնգրես հյուրանոցը», չգիտեմ սրա մաս է, թե ոչ, Կասկադում 2 հեկտար հողամաս։
Ժողովուրդ ջան, ես ձեզ հարց եմ տալիս: Նախ` երկու հարցադրում կա՝ ես ութ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, ես ինչո՞ւ Կասկադում հող չունեմ, ժողովուրդ, ինչո՞ւ Սևանի ափին հանգստյան տուն չունեմ, ինչո՞ւ հյուրանոց չունեմ, ինչո՞ւ 1 միլիարդ 740 դրամ չունեմ: Այսօր առավոտյան խոսում էինք գործընկերների հետ, այսինքն ի՞նչ՝ ես միամիտ եմ, հա՞, իրենք շուստրի, ուժեղ տղերքն են, հայրենասեր, ես էլ միամիտն եմ:
Հիմա էլ ասում են, ճիշտ հարց հնչեց, ասում է՝ ութ տարի, ինչո՞ւ ութ տարի հետո, բա ես էլ եմ այդ նույն հարցը տալիս, ասում եմ ինչո՞ւ է ութ տարի հետո... Այդ փաստերից որևէ մեկը նո՞ր է: Ես ինչո՞ւ եմ Հանրապետության հրապարակից ասել, ասել եմ մի պարզ պատճառով, որովհետև լինելով իշխանություն՝ ամեն օր կռիվ ենք տվել այդ մաֆիայի դեմ: Այդ սեփականությունն ինչի է Ռոբերտ Քոչարյանինը և մյուսներինը, որովհետև ասում եմ՝ ում ուզեցել են՝ առել են, ում ուզեցել են՝ ծախել են, և գիտեք ի՞նչ քաղաքական նարատիվով՝ հեսա մյուս շաբաթ սրանք գնում են, հեսա մյուս ուրբաթ սրանք գնում են, հեսա այսպես է լինելու, հեսա այստեղից դաբրո կա, այնտեղից դաբրո կա, և այդ դատաիրավական համակարգում էլ մի մասսա կա, չէ, որ նայում է՝ այսօր առավոտը մերոնք հեսա գալու են: Հեսա ասել էի ձերոնք ինչ են անելու, գալու են, բայց...
Ութ տարի ինչի՞ ես պիտի 30 000 մարդու ներկայությամբ այդ խնդիրը դնեմ, ինչո՞ւ եմ այդ օրն ասել, որ ասել եմ՝ ժողովուրդ, սա իմ պլանն է, եթե համաձայն եք՝ գնացեք քվեարկեք: Եվ պետությունը, որը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանության ներքո է, պարտավոր է ժողովրդի կամքը կատարել: Այո՛, պիտի նստեն, այո՛, այդ ամբողջ ունեցվածքը... Ես ասում եմ՝ Ծառուկյան Գագիկը պիտի հայտարարություն անի, ասի՝ էն ի՞նչ էիք անում, ասում, որ թոշակը պիտի նվազագույն սպառողական զամբյուղի չափ լինի, բա ե՞րբ է թոշակը բարձրանալու: Քոչարյան Ռոբերտն էլ պիտի ասի դա, իրենք պիտի փող չունենան, որ ընտրակաշառք էլ բաժանեն, և դա այն քաղաքական հանձնառությունն է: Եվ այն պետությունը, որը սա չի անի, չի կարող չանել, որովհետև սա արդեն իմ ասածը չէ, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի ասածն է, դե փորձի մեկը չանի: Ավարտվել են ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք՝ առնեք, ում ուզենաք ծախեք։ Ավարտվել է։
Ասում է՝ Սահմանադրականն ասում է դատական համակարգն անկախ է, ումի՞ց է անկախ դատական համակարգը։ Իրենք մտածել են, թե դատական համակարգը ժողովրդից է անկախ և մաֆիոզների հետ պետք է գռփեն Հայաստանի Հանրապետության ժողովրդին, ղալաթ եք արել, գլուխներդ պատին եք տվել, հնազանդ ժողովրդի կամքը կկատարեք, հնազանդ: Ութ տարի չգիտեի՞ն այս բանը՝ Կասկադի պատմությունը չգիտեի՞ն, ինչի՞ են այս գործերը դարակներում: Ես որևէ մեկին ասե՞լ եմ, որ կամ կանգնացրեք, կամ էս արեք, կամ էն արեք: Դե ժողովուրդն էլ ասում է, երևի սա էլ դե մտածում է, ասում է՝ դե նորմալ է, էս կարգավիճակում դա է գործը, նրան ձեռք չտանք, որ մենք էլ կանենք:
Սա ուղերձ է նաև մեզ, ժողովուրդ ջան, սա ուղերձ է նաև ինձ, սա ուղերձ է նաև իմ բարեկամներին, իմ հարազատներին, իմ ընկերներին, իմ շրջապատին, բոլոր- բոլորին, ով մտածում է, թե մենք իշխանություն ենք՝ նշանակում է կարող ենք Կոնգրես հյուրանոցը... Սա ուղերձ է բոլորին՝ ընկեր, բարեկամ, ով ուզում է լինել, ժողովրդից տարած ամեն ինչը, այո՛, մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք՝ կոպեկ-կոպեկ, հատիկ-հատիկ, անկախ նրանից ում ընկերն է, ում բարեկամն է և այլն, և այսպես շարունակ։ Ես հույս ունեմ, որ այդպիսի դեպքերի չենք հանդիպի, բայց Հովիկ Աղազարյանի դեպքը դրա մասին է: Այսինքն՝ ինչ, մենք մեր և ուրիշների կաշառակեր ունե՞նք, մեզ պետք չէ լոյալ կաշառակեր։ Մենք պարտավորություն ունենք այս ժողովրդի առաջ և այդ պարտավորությունը պետք է կատարենք։
Աղվան Վարդանյանն ասում է՝ Քոչարյանը լավ է կառավարել, հա ես վատ եմ կառավարում, որովհետև ասում եմ՝ հյուրանոց չունեմ, միլիոններ չունեմ, ոչ մի բան չունեմ, բայց ունեմ մանդատ, ունեմ լեգիտիմություն, ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ՝ բառիս դե յուրե իմաստով: Մի հատ էլ ասում են՝ Քոչարյանի բնակարան են մուտք գործել: Այսօր իրավապահներից հետաքրքրվում են, ասում են՝ 54 հասցեում խուզարկություն է: Քոչարյանը 54 բնակարան ունի՞: Մեկ էլ ասում են՝ երեխեքը, ժողովուրդ ջան այսօր քրեակատարողական հիմնարկում գտնվող մարդկանց 80%-ը երեխաներ ունի։ Սա ի՞նչ մոտեցում է, այսինքն՝ ի՞նչ է նշանակում, երեխեքին բերել դեմ անել, երեխեքի թիկունքում թաքնվել։ Քրեական գործ է, պետք է խուզարկվի, ինչի՞ է ԱԱԾ-ն գնացել։ Քննիչին միայնակ ուղարկենք, որ վրա տաք, մի հատ էլ գլուխ գովաք, ասեք՝ տեսա՞ք, ինչ ուժեղ տղերք էինք, չթողեցինք: Պետությունը պետք է աշխատի: Ասել ենք՝ պետության համը բերաններդ է մնալու: Հենց մի քիչ զգանք, որ այդ համը բերաններում թուլացել է՝ ժողովրդի պետությունը բերաններիդ իջնելու է, և էլ չքմեղանալու տեղ չկա:
Այո, մենք 2018 թվականին արել ենք Ոչ բռնի, թավշյա հեղափոխություն և ասել ենք՝ վենդետա չի լինելու, ասել ենք՝ սիրո և համերաշխության հեղափոխություն է։ Ութ տարի մեկդ եկել է, ասել է՝ ընկերներ, սա թալանել ենք, դուք էլ օրենքով հնարավորություն եք տվել, որ 25%-ը մնա մեզ, այն մնացածը վերադարձվի: Մեկը եկել է, այդպիսի բա՞ն է ասել։ Նայում են, հոխորտում են, գնում են հարավներում, հյուսիսներում դաբրոներ են, նրանց էլ թևերի տակն են տալիս, ասում են՝ գնացեք, ոչ մի խնդիր չունեք, հիմա հավաքվում ենք, Կառավարության նիստեր են անում, և այլն։
Այն օրը պատահական աչքովս ընկել է՝ Նարեկ Կարապետյանը գրել է. հոպար ջան, ծնունդդ շնորհավոր: Այլևս հոպար ջան, էլ պարոն վարչապետ չի՞։ Ինչո՞ւ չեք գրել՝ պարոն վարչապետ, ծնունդդ շնորհավոր: Ինչո՞ւ չեք գրել։ Գրի, ամեն օր գրի, էլի նկարվեք, ռիլ սարքեք, գցեք, էլի ասեք՝ պարոն վարչապետ, մենք առաջարկում ենք, ինքն էլ ասի՝ այո, ես պաշտպանում եմ այդ առաջարկությունը, ու այդպես ամեն օր նկարվեք, գցեք։
Ասում են մարտի 1-ի գործը բացահայտված է: Հայաստանի իրավապահ համակարգը մաֆիոզ ազդեցությունների պատճառով չի տալիս դրա գնահատականը, քրեական գործում մարտի 1-ի մի դրվագ չկա, որը բացահայտված չէ։ Պարզ է, որ սպանությունների հրահանգը տվել է Ռոբերտ Քոչարյանը, ոնց են Ղարաբաղից ոնց են բերել բերել ֆորմեքը, ոնց են օլիգարխներին տարել, բաժանել, որ օլիգարխը որտեղ է: Ամբողջը բացահայտված է: Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը կամք չի ունեցել, որովհետև անկախ է Կառավարությունից: Մենք այդ էթիկան պահել ենք, անկախ է Կառավարությունից, և քանի որ Կառավարությունից անկախ է՝ կարող է նախկին օլիգարխներից ինչքան փող ասես առնի, հետաձգի։ Գագիկ Խաչատրյանի դատավարության հետ ի՞նչ եղավ։ Դատավորն այնքան դատը ձգեց, մինչև թոշակի գնաց։ Ու համոզված եղեք, նա միայն պետության թոշակի հույսին չի հիմա: Ես վստահ եմ, ինչ-որ մի բան ինձ հուշում է։
Ինձ էլ ասում են՝ Արցախը և արցախցիներին չեն սիրում: Արցախն իրենց համար եղել է ընդամենը փող քերելու միջոց: Ղարաբաղի ժողովրդին այնտեղ պատանդ են պահել, Հայաստանի ժողովրդին էլ այստեղ են պատանդ պահել և թալանել են: Այնտեղ էլ են թալանել, այստեղ էլ են թալանել։ Ընդ որում, այս ամբողջ խմբավորումը և նախկին...
Ու ճիշտ են անում, որ երեսով են տալիս, որ հոկտեմբերի 27-ը բացահայտված չի: Ճիշտ են անում։ Այսինքն՝ ի՞նչ, մենք ընդունել ենք, որ անկախ է դատական համակարգը, դատաիրավական համակարգն էլ անկախ է։ Չեմ գնացել, ես ոչ մի քրեական գործի մեջ չեմ մտել, ո՛չ քննել եմ, ո՛չ էս եմ արել, ոչ այն եմ արել, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի։ Անկախ է: Ժողովրդից ու պետությունից էլ է անկա՞խ: Ի՞նչ ձև է ընդհանրապես։
Գալիս են, այստեղից ասում են՝ ԱՆԻՖԸ, ԱՆԻՖԸ: Այդ բառը դուք որտեղի՞ց եք լսել։ Պետական վերահսկողական ծառայությունն է այդ հարցի վերաբերյալ իրավապահներին տվել հաղորդում։ Եվ, իմիջիայլոց, շատ հետաքրքիր էր, ափսոս, մի քիչ բան եղավ հետախուզումը, որովհետև համոզված եմ, որ եթե մի քիչ ձգվեր, ԱՆԻՖ-ի տնօրենն այստեղ մի տեղ այդ արանքներում նստած էր։ Որովհետև արդեն հայտարարել էր, որ ապիկար իշխանությունը... Այստեղ ինչքան հասկացա լիքը այդպիսի մարդ կա: Մարդուն ընտրել եք Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, եկել է, ասում է՝ Կենտրոնական Ասիայի քոչվոր խաշնարած... Սա տգիտության ամբարտավանությունն լրիվ ուրիշ... Մեզ էլ մեղադրում է ոչ պրոֆեսիոնալ..., տգիտության ամբարտավանությունը.... Իրենց բանն այն է, որ այդպես գան այս ամբիոններից խոսեն, որ մենք, բոլորը, ոչ մեկ ոչ մի բան: Մենք ալֆա ենք ու օմեգա ենք: Լսեք, հնարավոր չի ուրիշների նկատմամբ անհարգալից լինելով՝ հարգանք ներշնչել: Ընդհակառակը, դա տգիտության, ամբարտավանության մասին է խոսքը։
Այսօր Կենտրոնական Ասիան աշխարհում ստրատեգիական կարևորագույն կենտրոններից մեկն է, ընդ որում՝ մշակութային հարուստ ժառանգությամբ: Այդ մարդկանցից որևէ մեկը Կենտրոնական Ասիայի որևէ մի թանգարանում, մի հնավայրում եղե՞լ է, թե՞ չի եղել։ Այսօր Կենտրոնական Ասիայի պետություններից յուրաքանչյուրն իրենց մոդելով, բայց հաջողակ և հաջողված պետություններ են։ Գիտե՞ք ինչու է այդպես ասում, որովհետև կարող է պարզվի՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ, օրինակ, կոնսպիրացիա, կարող է մեկ էլ պարզվի գազի գործարք կնքենք հետները։ Բայց, որ այս ամբիոնից այդպիսի բան է հնչում, կարող է չէ՞, դա նեգատիվ ազդեցություն ունենալ, և այլն։
Հիմա, ժողովուրդ ջան, եկեք հասկանանք, այս ի՞նչ թեմա է Քյարքիի թեման։ Շատ պարզ բան է ասվում, ասվում է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է, և այս թվաբանության մեջ չեն մտնում... մեր էքսկլավը մտնում է, Ադրբեջանի անկլավները չեն մտնում և դրանք արտահայտված են այն քարտեզներով, որոնք արտահայտում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի իրավիճակը: Հիմա ասել, որ չէ, այդպես չէ, նշանակում է ասել, որ Հայաստանի ինքնիշխան միջազգայնորեն ճանաչված տարածքը 29743 քառակուսի կիլոմետր չէ: Սա նշանակում է պատերազմ հայտարարել, և պատերազմի կուսակցությունը դրանով է արտահայտվում: Ես ասում եմ ինչո՞ւ և ես կռահում էի իրենց թելած թելից: Ես ինչի՞ եմ արել այդ արտահայտությունը, ինչի եմ ասել Քյարքի, որ էսկալացիայի բոլոր հնարավորությունները բացառվեն: Հիմա չկա այլևս որևէ կետ, որի շուրջ հնարավոր է էսկալացիա անել, պրովակացիա անել և քարուքանդ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը: Էլի եմ ասում՝ ի՞նչ սցենարով կլուծվի, բոլորովին ուրիշ հարց է, որովհետև մենք մեր պրոբլեմներն ենք տեսնում, նույն պրոբլեմներն էլ Ադրբեջանն ունի: Եվ ես ասում եմ՝ մենք պետք է նայենք՝ մենք իրար համար պրոբլեմ ենք ստեղծո՞ւմ, թե՞ լուծում ենք պրոբլեմները։ Եվ այս հարցի շուրջ պետք է նյարդը զրոյացնել: Երբ զրոյացվեց, բոլոր հարցերը կլուծվեն լավագույն ձևով:
Բայց իրենք չեն ուզում հարցերը լուծվեն լավագույն ձևով, որովհետև իրենք եկել են շղթաները Հայաստանի ոտքին կապելու: Իրենց ուզածը գիտե՞ք ինչ է: Իրենց ուզածն այն է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահները մտնեն Հայաստանի Հանրապետություն: Իրենց միակ առաքելությունը, բոլոր նարատիվները... Ես էլի եմ ասում, ես չգիտեմ, ներկաներից ով է գիտակցում դա, ով չի գիտակցում, իրենք ունեն շատ կոնկրետ առաքելություն՝ ՀԱՊԿ-ի խաղաղապահները մտնեն Հայաստանի Հանրապետություն։ Ես ձեզ հիասթափեցնում եմ, ՀԱՊԿ-ի խաղաղապահները չեն մտնելու Հայաստանի Հանրապետություն, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու Հայաստանի Հանրապետություն, որովհետև խաղաղությունը հաստատված է և խաղաղապահը ժողովուրդն է, այո՛, այդ թվում՝ Հայաստանի ժողովուրդն է և Ադրբեջանի ժողովուրդն է ամենահուսալի խաղաղապահը, և որևէ օտար խաղաղապահ Հայաստանի տարածք չի մտնելու: Եվ սա է Չորրորդ Հանրապետությունը: Չորրորդ Հանրապետությունը սրանով է տարբերվում, Չորրորդ Հանրապետությունը չի գնում տարբեր աշխարհաքաղաքական բևեռներում իր գոյության իրավունքը մուրում: Չորրորդ Հանրապետությունն ամենօրյա աշխատանքով իր ապրելու, զարգանալու իրավունքը վաստակում է:
Ասում են՝ Սփյուռքի հետ հարաբերություններում խզում ենք առաջացնում: Այո, մենք ասել ենք, որ Սփյուռքի հետ այն հարաբերությունները, երբ Հայաստանը «second hand» շոր ուղարկելու տեղ է, այդ հարաբերությունը ոչ միայն չկա, ես արգելել եմ, ասել եմ՝ հանկարծ որևէ պետական մարմին օգտագործված շոր, կոշիկ, ավտոմեքենա կընդունի, այդ պետական մարմնի վերադաս ամբողջ համակարգն ինձ հետ գործ կունենա: Բոլորին աշխատանքից ազատելու եմ։ Այո՛, եղել են դեպքեր, եկել են մաքսատանը ամիսներ..., կարող է, մինչև հիմա կան, «second hand» լիքը կոշիկ, շոր, և այլն... Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեր պատկերացումը Firebird-ն է: Ուրիշ հարաբերություն չի լինելու, սփյուռքը չի կարող լինել Հայաստանի մենթոր: Այդ բանն անցել է՝ գիտե՞ս սա ի՞նչ է, սնիկերս է: Ինձ հետ այդպիսի դեպք եղել է, լուրջ եմ ասում. Հայաստանից պատվիրակություն էր գնացել, նստած էինք, մեկ էլ հերթով ասում էին՝ գիտե՞ս սա ինչ է, ասում ենք՝ այո, ասենք, սա պանիր է... Պարզ է, որ մենք ճգնաժամի մեջ ենք եղել, դժվար իրավիճակում, տարիներով կարտոֆիլ ենք կերել, բայց ժողովուրդ ջան, այդ Հայաստանը վաղուց հաղթահարված է: Այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների Հայաստանն է: Երկու տարի է՝ Հայաստանում ներգաղթ է սկսվել: Ինչու դժգո՞հ եք դրանից: Մարդկանց հրավիրում ենք աշխատանքի, այդ թվում՝ դրսից մարդկանց հրավիրում ենք աշխատանքի, այդ թվում՝ բարձր պաշտոնների նշանակում:
Մեկ էլ ասում են՝ տեսեք, այն բառը ոնց ասաց, անգլերեն ասաց այդ բառը։ Սփյուռքի պաշտպանները հարձակվում են տոննաներով, ֆեյքերով և ոչ ֆեյքերով։ Սա է Սփյուռքի հետ հարաբերությունների մասին ձեր պատկերացումը։
Հարգելի՛ գործընկերներ,
Խոսեցինք, քննարկեցինք, և ըստ էության, ասացի այն, ինչ ուզում էի ասել։ Գիտեք, պատմության ստալինյան դիտանկյունը հենց դրա համար է։ Այդ, որ ասում են՝ պետք չէ անվերապահորեն վստահել... Բայց ո՞վ է անվերապահորեն վստահել: Ասում եմ՝ ոչ մեկին պետք չէ անվերապահորեն վստահել: Ոչ մեկին: Բայց դուք ասում եք՝ չէ, մի տեղ կա, որ պետք է անվերապահորեն վստահել, մյուսներին անվերապահորեն չվստահել: Մենք ասում ենք՝ ոչ, ոչ մեկին պետք չէ անվերապահորեն վստահել: Կամ այս պատմությունը, որ ասում են՝ պատմությունն այսպես է, պատմությունն այնպես է: Ի՞նչ կապ ունի այդ պատմությունն այս պատմության հետ: Իսկ կապը հետևյալն է՝ մենք այսօր պետություն ենք և պետք է պահենք մեզ պետության նման, որովհետև պետությունն ուրիշ բան է, ընդ որում, ամենայն հարգանքով, դրանք տարբեր կարգավիճակներ են: Ամեն կարգավիճակ ունի իր կոդը: Ինչպես Ազգային ժողովի պատգամավոր լինել և չլինել, կամ ուսուցիչ լինել կամ ոչ ուսուցիչ, դա որոշակի պահվածքի կոդ ունի, որոշակի էթիկա ունի:
Ասում են՝ ինչի՞ ես այս անունը..., ինչի ես ասում այսպես... Արարատ գյուղին ասում են Դավալու, մեզ ասում են՝ սրանք Արարատն ուրանում են։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի Արարատ գյուղին ասում են Դավալու, երազում են Արարատ սարի մասին, մեզ ասում են Արարատն ուրանում են։ Հիմա ո՞վ է ուրանում: Նրանք ուրանում են Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ասում եմ, Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունն ուրանալու մասին է, որ Հայաստանի Հանրապետություն՝ անկախ պետություն պետք է չլինի: Չորս տարի, հինգ տարի ուղերձներով մանրամասն հրապարակել եմ, գրել եմ դրա մասին: Այո, այս տարի ուղերձ չեմ հղել, որովհետև այլևս ասելու բան չունեմ այդ թեմայով: Ինչ ասել եմ, ամբողջն ասված է, ինչ պետք էր ասել, ամբողջն ասված է, ոչ մի նոր բան չունեմ ասելու: Հետևաբար, այո՛, մենք այսօր, հենց հիմա, հենց այս օրերին իրականացրել ենք, և հույս ունեմ՝ այսօր ձեր քվեարկությամբ դե յուրե կհաստատենք մի պատմական իրողություն՝ Չորրորդ Հանրապետությունը հաստատված է։
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Չորրորդ Հանրապետությունը՛՛: