Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը տեղի է ունենալու առաջիկա օրերին և այն նշանավորելու է Հայաստանի և ԱՄՆ-ի ու նաև Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջև նոր փոխհարաբերությունների ձևավորման արդեն գործնական փուլը։ Սա նշանակում է մեկ բան, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակում և առաջ են մղում տարածաշրջանային նոր իրականության ձևավորման գործընթացը, իսկ այդ իրականությունը ենթադրում է, որ Հայաստանը և Ադրբեջանը համատեղ ծրագրեր են իրականացնելու, առաջին հերթին՝ տնտեսական, բայց հուսանք, որ դրանք նաև կվերածվեն համընդհանուր տարածաշրջանային համագործակցության»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Ղևոնդյանի խոսքով՝ Հայաստանի սուբյեկտայնությունն անընդհատ աճում է և գործընթացները սկսել են տեղից շարժվել․ «Շատ ենք խոսում այն մասին, որ փաստաթղթեր են կնքվում, բայց գետնի վրա աշխատանքը դեռևս չի երևում, կարելի է ասել, որ մենք փաստաթղթավորման վերջին փուլում ենք, որից հետո արդեն պետք է գետնի վրա աշխատանք լինի, հուսանք, որ Վենսի այցը կնշանավորվի նաև գետնի վրա աշխատանք սկսելով։ Մյուս կողմից պետք է նշենք, որ ունենք ևս մեկ խնդիր և այդ խնդիրը Հայաստան-Թուրքիա սահմանն է և Վենսի այցին ընդառաջ սպասում եմ նաև նորություններ այս ուղղությամբ»։
Քաղաքագետն ընդգծեց, որ օգոստոսի 8-ից հետո քայլ առ քայլ մեղմացել է նաև Ադրբեջանի հռետորաբանությունը․ «Դա կապված է ոչ միայն Հայաստանի հետ գործընթացներ իրականցնելու և շահ ունենալու տրամաբանության հետ, այլև նրա, որ կա արտաքին շատ մեծ ճնշում և դա առաջին հերթին ԱՄՆ-ից է, ինչը Բաքվում կարծես թե գնահատում են ավելի կարևոր, քան նախկին խաղը, որը տանում էր Ադրբեջանը՝ փորձելով հավասարակշռել բևեռների ազդեցությունը։ Ադրբեջանը միակողմանիորեն բացեց տարանցիկ անցումները Հայաստանի համար, ինչը ցույց է տալիս, որ ներկա պայմաններում կարծես թե ամենահավանական զարգացումը այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակելու են շարժվել համատեղ օրակարգի իրացման ճանապարհով և փորձելու են այդ խաղաղությունը կապիտալացնել ավելի ու ավելի»։
Անդրադառնալով տեղի ունեցող գործընթացների շուրջ ընդդիմության քննադատություններին՝ Ղևոնդյանը նշեց․ «Ընդդիմադիրների խոսույթն ունի միայն մեկ նպատակ՝ Հայաստանի իշխանությունների գործողությունները փնովել, Հայաստանի իշխանություններին մեղադրել բոլոր հնարավոր մեղքերի մեջ։ Վստահեցնում եմ, եթե օրինակ՝ այդ ճանապարհը չլիներ «Թրամփի ուղի», այլ լիներ «Պուտինի ուղի»՝ ընդդիմադիրներն իշխանությանը նույն բառերով նույն բանն ասելու էին և նորից խոսելու էին Հայաստանի սուբյեկտայնության նվազման մասին։ Նրանց քննադատություններին լուրջ վերաբերվել չարժե, իսկ այն, որ ՀՀ-ի սուբյեկտայնությունն աճում է և ՀՀ-ն հնարավորություններ է ստանում, որոնք նախկինում չուներ՝ ակնհայտ է»։
Ղևոնդյանը նկատեց, որ ընդդիմադիրների խոսույթը ելնում է պահի նպատակահարմարությունից․ «Այս պահին նախընտրական ժամանակաշրջան է և անհրաժեշտ է հնարավորինս ավելի սուր լինել իշխանությունների նկատմամբ և ոչ մի գոնե չեզոք բան չնկատել, ինչը փորձում են անել ընդդիմադիրները։ «Թրամփի ուղի»-ն նրանք հիմա էլ են անվանում միջանցք, կան կոնկրետ հայտարարություններ նաև առ այն, որ Հայաստանը միջանցք տվեց, բայց նշեմ, որ դա ընդամենն ընդդիմադիրների կողմից իշխանությանը թիրախավորելու անհրաժեշտությունից է բխում, նրանց նպատակը դա է, թե դրա արդյունքում պետականությանը վնաս կտան, ՀՀ անկախությանը վնաս կտան, ՀՀ-ն կկորցնենք՝ նրանց չի հետաքրքրում»։


