Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Փորձ է արվում շեղել իրական բանակցային օրակարգը։ Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե Մոսկվան պատրաստ է հեռանալ, եթե Երևանը ռազմաբազայի անհրաժեշտությունը չի տեսնում՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:
Ստեփանյանի խոսքով՝ ամենաակտուալ թեման, որի համար Փաշինյանը գնում է Մոսկվա՝ հայկական երկաթուղին է. «Այստեղ կա մի շատ կարևոր դիտարկում, եթե հայկական երկաթուղին չի դառնում իրոք հայկական, եթե մենք չենք բացում մեր կոմունիկացիաները և երկաթուղին չենք կապում Ադրբեջանի և ամենակարևորը՝ Թուրքիայի հետ, TRIPP-ը կարող է դառնալ «Զանգեզուրի միջանցք», այսինքն՝ TRIPP-ը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ և շարունակություն դեպի Թուրքիա չի ունենալու, սա առանցքային խնդիր է մեզ համար: Մեզ պետք է, որ TRIPP-ը շարունակություն ունենա դեպի Թուրքիա և Կարսից Իգդիր եկող նախագիծը չգա և կպնի Նախիջևանի տարածքին՝ առանց մեզ: Այս առանցքային խնդրում Ռուսաստանը մեզ խոչընդոտում է, այսինքն՝ երբ հայկական երկաթուղին մնում է ռուսական կոնցենսիայի տակ, ստացվում է, որ տարածաշրջանի ապաշրջափակումը մեծ հաշվով անցնելու է առանց մեզ և դա Ռուսաստանի ջանքերով: Դրա համար այս պահին Պուտինի կողմից օրակարգ է ներմուծվել մի թեզ՝ 102-րդ ռազմաբազայի մասին, որն այս պահին մեզ համար առաջնահերթություն չէ»։
Ստեփանյանը նշեց, որ վերջերս հրապարակվել է մի շատ կարևոր փաստաթուղթ, որտեղ հստակ նշվում է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները Հարավային Կովկասում Հայաստանից դեպի Ադրբեջան փոխվել են դեռ 2006 թվականին. «Մենք հասկանում ենք, որ 2006 թվականց սկսած Ռուսաստանը խաղադրույքն արել է Ադրբեջանի վրա և այլևս Հայաստանի համար անվտանգային գործոն չի հանդիսացել, այդ 20 տարվա ընթացքում Ռուսաստանը քայլ առ քայլ Հայաստանից հեռանում էր: 2006-ից սկսած ՌԴ-ից հարձակողական զենքի մատակարարումներն Ադրբեջան, 2016 թվականի քառօրյա պատերազմը, 2020 թվականի 44-օրյա պատերազմը, տավուշյան մարտերը, 2021-22 թվականներին ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական հարձակումները, 2023 թվականին Ղարաբաղի հայաթափումը, այս ամենում Ռուսաստանի դերակատարումը եթե դիտարկենք՝ կհասկանանք, որ այս պահին 102-րդ ռազմաբազայի գործոնը ՀՀ անվտանգության ապահովման գործում հավասար է զրոյի»:
Հարցին՝ ինչու հայկական կողմը չի դիմում՝ հանելու ռազմաբազան, Ստեփանյանն ասաց, որ այս պահին ավելի ակտուալ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն. «Մենք չենք կարող գնալ Մոսկվա և միանգամից 10 կետանոց պահանջ ներկայացնել: Հիմա պետք է խոսել երկաթուղու մասին, երբ այդ հարցը կլուծվի, կարելի է խոսել ռազմաբազայի մասին»:
Իսկ թե արդյոք ռուսները կարող են նման դիմում ներկայացնել՝ քաղաքագետը նշեց. «Որևէ բան չեմ բացառում՝ հաշվի առնելով, որ այդ բազան այս պահին ռուսներին էլ պետք չի Հայաստանի տարածքում: Իրենք ունեն լրջագույն խնդիրներ Ուկրաինայում և այդ 2 կամ 3 հազար զինվորականները և զենքն իրենց պետք են այնտեղ: Կարող են հանել, եթե այդ անհրաժեշտությունն իրենց համար լինի»:
Խոսելով նաև Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպմանը երկաթուղու հարցի հնարավոր քննարկման մասին՝ Դավիթ Ստեփանյանն ասաց. «Պուտինը փորձելու է մանևրել, բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից գլխավոր հարցը չպետք է բարձրաձայնվի: Կարծում եմ՝ այդ այցի ժամանակ մենք վերջնական պատասխանը կստանանք՝ Ռուսաստանը համաձա՞յն է գործընկերային հարաբերությունների շրջանակում այդ հարցը լուծել, թե պետք է լուծվի բոլորովին այլ կերպ, այսինքն՝ միակողմանի»:


