Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Որպես Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ու անդամ ուշադիր հետևելու եմ որպեսզի «Ուժեղ Հայաստանը» որևէ ձևով չկարողանա խոչընդոտել մեր օրակարգերը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
«Մենք որպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն ունենք մեծամասնություն բոլոր հանձնաժողովներում, և ես չեմ պատկերացնում որևէ սցենար, որի պարագայում մեր օրակարգը չի կարողանա սպասարկվել»,-ասաց Ղազարյանը՝ հավելելով. «Ունեմ հիմնավոր կասկած, որ «Ուժեղ Հայաստանը» եկել է վերահսկելու այն գործընթացը, որը մենք իրականացնում ենք, այլ ոչ թե զարկ տալու համար, որպեսզի տեղեկացնի իր գործընկերներին, նկատի ունեմ Հայաստանից դուրս, տեղեկացնի, թե որ փուլում ենք: Նրանց չի հաջողվելու տորպեդահարել այս գործընթացը»:
Ղազարայնը նաև հավելեց, որ այսպիսի գնահատականների համար հիմք է հանդիսացել այն, որ ընդդիմադիրները իրենց ելույթներում չեն կարողացել հստակորեն ասել, որ տնտեսության դիվերսիֆիկացման համար կարևոր է ազատ առևտրի համաձայնագիրը ԵՄ-ի հետ, ինչպես նաև չեն կարողացել նկարագրել, թե որ երկրից են բխում հիբրիդային վտանգները:
Պատգամավորի խոսքով, այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ «Ուժեղ Հայաստանը» անկեղծ չէ հանձնաժողովը ընտրելու պարագայում:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը ԵՄ-ից անդամակցության համար ստացել է համապատասխան ազդակներ, Ղազարյանը ասաց. «ԵՄ-ն Հայաստանի համար վստահելի գործընկեր է, որն արձագանքել է ամենաբարդ փուլերում ու կարևորագույն մարտահրավերներին: Առաջինը՝ սահմանյին լարվածության ընթացքում մեզ մոտ ուղարկել է դիտորդական առաքելություն, որն իր լիազորությունների սահմաններում արել է առավելագույնը: Այն ապահովել է բանակցությունների համար անհարժեշտ խաղաղ միջավայրը: Երկրորդ՝ գիտեք, որ ընտրությունների ընթացքում միայն մենք չէ, որ խոսում էինք հիբրիդային գրոհների, հիբրիդային պատերազմների մասին, և այստեղ ԵՄ-ն այն վստահելի գործընկերն էր, որը շատ սեղմ ժամկետներում Հայաստան ուղարկեց երկրորդ առաքելությունը, որը մեզ օգնեց հաղթահարելու, կամ մասամբ հաղթահարելու այս մարտահրավերը»:
Այս համատեքստում Ղազարյանը նաև կարևորեց ԵՄ շուկա հայկական ապրանքների առանց հավելյալ մաքսային վճարումների մուտքի նախաձեռնությունը:
ԵՄ-ի մեր գործընկերությունը վստահաբար այսքանով չի սահմանափակվելու
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի համապատասխան մարմինները, այդ թվում և անվտանգության հետ կապված, ուսումնասիրում են ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու պարագայում Հայաստանին սպասվող հավանական վնասները:
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի հետ դեռ չենք սպառել խնդիրները դիվանագիտական ուղով հաղթահարելու ճանապարհները: Ռուսաստանի գործընկերների հետ խոսակցությունները բարդ են, բայց անկեղծ»,-ասաց Ղազարյանը:


