Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այո, հրթիռը հասել է Թուրքիա, Իրանը հերքում է, բայց ուրիշ ինչ հրթիռ պետք է լիներ, հավանական է, որ դա իրանական է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի ՊՆ-ի այն հայտարարությանը, թե Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որն ուղղված էր թուրքական օդային տարածք, ոչնչացվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից և Իրանի հերքմանը՝ ասաց արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Սաֆրաստյանի խոսքով՝ չի կարելի դրա վրա եզրակացություն անել ու ասել՝ Թուրքիան կներգրավվի պատերազմի մեջ, թե՝ ոչ, բայց չի կարելի նաև բացառել. «Հիմա դեռ նախնական փուլերն են, խոսակցություններ կան, որ բավական երկար կտևի: Չեմ բացառում, որ որոշակի փուլում, երբ արդեն ավելի կխորանան հարվածները, Իրանում կսկսվեն էթնիկական հողի վրա ելույթներ իշխանությունների դեմ: Իհարկե, Թուրքիան ձգտում է, որ Իրանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը, բայց երբ տեսնի, որ սկսվում են էթնիկական հողի վրա օրինակ՝ քրդերի շարժումները, չի կարելի բացառել, որ չի միջամտի»:
Անդրադառնալով Իրանից Նախիջևանին անօդաչուներով հարվածելու տեղեկատվությանը՝ Սաֆրաստյանն ասաց. «Նախիջևանի օդանավակայնին հարվածելը դեռ չի վկայում, որ լայնածավալ հարվածներ կլինեն: Մի խնդիր կա, որն ինձ համար էլ պարզ չէ, որքանով է կենտրոնական իշխանությունը կառավարում ամբողջ Իրանը, չեմ կարող բացառել, որ կարող է ինչ-որ տեղական զինված ստորաբաժանումից այդ հարվածը լինի Նախիջևանին՝ առանց կենտրոնական իշխանության ղեկավարության հրամանի: Եթե միայն այս հարվածը լինի, Ադրբեջանից պատասխան չի լինի, դիվանագիտական դեմարշ կարվի, ինչպես և Թուրքիայից, բայց եթե շարունակվի՝ կլինի ավելի կոնկրետ պատասխան»:
Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ ԱՄՆ-ի և Իսրայելի լայնածավալ հարվածները շարունակվում են, Իրանն էլ չի կարողանում իր օդային տարածքը պաշտպանել. «Արդեն քննարկվում է ոչ թե մեկ ամիսը, այլ այսօրվանից ամերիկյան շրջանակների կողմից շրջանառության մեջ է այն գաղափարը, որ դա կարող է տևել մինչև սեպտեմբեր: Նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, դա շատ կարևոր է Թրամփի համար, դրա համար նա ամեն ինչ կանի, որ մինչ այդ կարողանա հայտարարել, որ հասել են հաղթանակի: Շատ բան կախված կլինի Իրանից, մենք մինչև հիմա տեսնում ենք, որ Իրանը չնայած այդպիսի ուժեղ հարվածներ է ստանում, դեռ պահպանում է իր դիմակայելու հնարավորությունները»:
Խոսելով նաև Հարավային Կովկասի վրա հնարավոր ազդեցության մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Տարածաշրջանը գտնվում է Իրանի անմիջական հարևանությամբ և դա արդեն իսկ տարածաշրջանը դարձնում է բավական վտանգավոր գոտի: Մեր տարածաշրջանում կա Ադրբեջան, որը հայտնի է, որ ունի բավական սերտ կապ Իսրայելի հետ, չեմ կարող ասել՝ այդ սերտ կապերն օգտագործվում են Իսրայելի կողմից Իրանի դեմ, թե ոչ: Չի կարելի բացառել, որ օգտագործվում են, օգտագործվել են կամ կօգտագործվեն և եթե դա տեղի ունենա, ապա կլինի հակագործողություն Իրանի կողմից, սա վտանգավոր է մեզ համար»:
Սաֆրաստյանի կարծիքով՝ Հայաստանում հիմա իրադրությունն անվտագն է. «Պետք է հույս ունենալ, որ այս իրավիճակը կպահպանվի մինչև այս հակամարտության ավարտը: Իհարկե, կան ռիսկեր, որոնք կապված են տնտեսական գործոնի հետ, կարող են ռիսկեր լինել՝ կապված նաև մեծ թվով փախստականների հետ: Մեր հարևան երկրում շատ դաժան պատերազմ է և պետք է հաշվի առնել, որ ամեն պահի կարող է պատահական մի բան լինել, պետք է միշտ զգոն լինել»:


