Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այսուհետ չի ստացվի, որ խփես, ասես՝ I am sorry ու քշես, գնաս»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ճանապարհային երթևեկության փորձագետ Արտակ Խաչատուրովը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը մոպեդների, տրիցիկլների և կվադրոցիկլների համար ԱՊՊԱ պայմանագրերը պարտադիր դարձնելուն։ «Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
Խաչատուրովը հատկապես ուշադրություն հրավիրեց մոպեդների խնդրին, որոնք ըստ նրա վերջին տարիներին էականորեն ավելացել են երթևեկության մեջ, հիմնականում համարանիշներ չունեն, եղածն էլ՝ ձևախեղում են, քանի որ վերահսկողությունը շատ թույլ է ու վարում են անպատասխանատու: Նրա կարծիքով, իրատեսական չէ մտածել, որ ԱՊՊԱ պայմանագրեր ունենալը կազդի նաև մոպեդների երթևեկության որակի վրա, բայց գոնե պատահարների դեպքում իրավահարաբերությունները կտան որոշակի երաշխիքներ:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի շատ մոպեդներն են վնասում ավտոմեքենաներին: Թեև լինում են նաև հակառակ դեպքերը, իսկ մեքենայի հասցրած վնասը մոպեդին շատ ավելի մեծ է, նաև վարորդը կարող է մարմնական լուրջ վնասվածքներ ստանալ, այնպես, որ ԱՊՊԱ պայմանագիրը բխում է նաև մոպեդների վարորդների շահերից» ,- ընդգծեց Արտակ Խաչատուրովը:
«Երբ վերահսկողություն չի լինում, ոնց ուզում քշում են, հիմա կա մեխանիզմ, որը ավտոմեքենաների վարորդների շահերը կպաշտպանի: Վնաս է պատճառել, պետք է բարի գտնվի մնա տեղում, որպեսզի պատահարը ձևակերպվի, տուժածին էլ հատուցում տան, այլևս չեն փախնի, չեն մտնի վիճաբանության մեջ, մարդկային գործոնը խնդիրը լուծելիս դուրս կգա: Մոպեդները կդառնան երթևեկության լիարժեք անդամ՝ բոլոր հետևանքներով: Հստակ գրված կլինի՝ ով է մեղավոր, հարցն ինչպես պետք է քննվի, ինչպես պետք է հատուցվի: Կարող է պատահարի դեպքում նաև ոստիկանի կարիք չլինել, քանի որ մինչև 400 հազար դրամ վնասի հատուցման համաձայնության դեպքում բավարար է հավելվածում վթարի մասին լրացնելը»,- ասաց մեր զրուցակիցը:
Նաև նշեց, որ եթե ԱՊՊԱ չունեցող մոպեդը հարվածում է մեքենային, ապա վնասի փոխհատուցումը քաղաքացին ստանում ապահովագրական բյուրյից՝ առավելագույնը 1,5 միլիոն դրամ, որը մոպեդի վարորդը պարտավոր է վճարել բյուրոյին: Սակայն նրա խոսքով, մոպեդների վարոդներ կան, որ խուսափում են գումարը վճարելուց, հերթն արդեն հասնում է դատական գործընթացին, կարող են արգելանք դնել, բռնագանձել մոպեդը: Նա կարծիք հայտնեց, որ ինչպես մոպեդի, այնպես էլ ԱՊՊԱ չունեցող մեքենայի վարորդները չեն գիտակցում, որ միևնույն է իրենք վճարելու են.«Ռիսկը հաշվի առնելով, միևնույն է վարում են»:
Խաչատուրովը նաև ասաց, որ շատ կարևոր են այն օրենսդրական փոփոխությունները, որոնք մոպեդներին տվել են երթևեկության մասնակցի կարգավիճակ.«Քանի որ ժամանակին գոյություն ունեին միայն մեքենայի վարորդ ու հետիոտն, այդ մեջտեղի կատեգորիաները չկային, առաջ եկած խնդիրների դեպքում շատ դժվար էր լինում օրինակ մոպեդներին կարգավիճակ տալ՝ ոչ կարող էիր ասել հետիոտն է, ոչ վարորդ»:


