Հրաժեշտ՝ Անահիտին. ինչպես Բրիտանիայից «ժամանած» աստվածուհին փոխեց թանգարանային ժամանցը և հաջորդ պատմական հանդիպումը՝ Լուվրից Zarkerak - Հրաժեշտ՝ Անահիտին. ինչպես Բրիտանիայից «ժամանած» աստվածուհին փոխեց թանգարանային ժամանցը և հաջորդ պատմական հանդիպումը՝ Լուվրից
Zarkerak Zarkerak - Հրաժեշտ՝ Անահիտին. ինչպես Բրիտանիայից «ժամանած» աստվածուհին փոխեց թանգարանային ժամանցը և հաջորդ պատմական հանդիպումը՝ Լուվրից
Հրաժեշտ՝ Անահիտին. ինչպես Բրիտանիայից «ժամանած» աստվածուհին փոխեց թանգարանային ժամանցը և հաջորդ պատմական հանդիպումը՝ Լուվրից

Հրաժեշտ՝ Անահիտին. ինչպես Բրիտանիայից «ժամանած» աստվածուհին փոխեց թանգարանային ժամանցը և հաջորդ պատմական հանդիպումը՝ Լուվրից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Պատմական հանդիպում՝ Պատմության թանգարանում»,- Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը  վերջին ամիսներին տասնյակ  հազարավոր այցելուների և թանգարանում ժամանակավոր ցուցադրվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի մասունքների հետ հանդիպումն այսպես է նկարագրում:

Սեպտեմբերի 21-ին բացված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության շրջանակում 2024-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Պատմության թանգարանը հյուրընկալեց Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը, որ պահվում են Բրիտանական թանգարանում:  Ցուցադրության շրջանակում ներկայացված են ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը՝ հեթանոսությունից մինչև քրիստոնեություն, քարից մինչև մետաղ, կավ ու թել։ 

Թեև նախատեսված էր, որ ցուցադրությունը տևելու է մինչև մարտի 21-ը, բայց արվեստասերներին  հաճելի անակնկալ մատուցվեց՝  ցուցադրությունը բաց կլինի մինչև ապրիլի 10-ը: 

Հետաձգված հրաժեշտի պատճառների մասին խոսելով  Zarkerak.am-ին Դավիթ Պողոսյանն ասում է, որ շատ մարդիկ չէին այցելել և հետաքրքրվածությունը շարունակում է մեծ լինել՝ հատկապես, որ ցուցադրությունը կազմակերպվել էր ոչ այնքան տուրիստական ժամանակահատվածում.«Մի քանի հանգամանքների համադրմամբ՝ որոշվեց, որ ևս  20 օր ցուցադրությունը բաց կլինի հանրության համար և ավելին՝ նաև  գործոն էր Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության օրը,  որը ևս  խորհրդանշական է, ու թեև  թանգարանի համար  այն ոչ աշխատանքային է,  բայց  այդ օրը ևս թանգարանը բաց կլինի այցելուների առաջ»:  

Դավիթ Պողոսյան

Ամփոփելով անցնող ամիսները՝ Դավիթ Պողոսյանը նշում է, որ  ժամանակավոր ցուցադրության այցելուների թիվն անցնում է  45 հազարը, միայն վերջին երկու ամիսներին՝ պետության կողմից տրամադրվող աբոնեմենտային համակարգի շնորհիվ շուրջ 15 հազար դպրոցական է այցելել ցուցադրությանը.«Թանգարանում այն հույսով ենք  աշխատում, որ ցանկացած այցելություն հետք է թողնում  մարդու մեջ, և ի վերջո մի օր կձերբազատվենք՝ «վերջին անգամ թանգարան եմ այցելել դպրոցական տարիքում կամ մի քանի տարի առաջ» ոչ այնքան հաճելի արտահայտություններից»:

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը մեր զրուցակցի խոսքով նպատակ ուներ նաև զարգացնել թանգարանային այցելության ավանդույթը, իհարկե արդյունքները դեռ կամփոփվեն, համապատասխան եզրահանգումներն էլ կարվեն, բայց մի բան ակնհայտ է՝ Հայաստանի պատմության թանգարանը աննախադեպ թվով այցելուներ է ունեցել՝ այդ թվում օտարերկրացիներ.«Իհարկե, սպասելիքներ կային, որ հետաքրքրությունը մեծ կլինի:  Ընդ որում, Բրիտանական թանգարանում հայերը հենց այս նմուշն են փնտրում,  բայց նաև կարևոր էր, որ  մենք դա որոշակի կոնտեքստով ներկայացնենք՝ շոշափելով Մայր աստվածության գաղափարը: Բայց և պետք է նշեմ, որ այս ցուցադրությունը հուզական առումով հատկապես առանձնահատուկ է հայերիս համար»: 

Այս ժամանակավոր ցուցադրությունը թանգարանի տնօրենի համոզմամբ՝ ցույց տվեց, որ հնարավոր է բարձր ստանդարտներ սահմանել և հասնել դրանց՝ թույլ տալով թանգարան այցելողին հաղորդակցվել նաև այլ երկրներում  պահվող բարձրարժեք գործերի հետ, նաև ինչ-որ առումով թանգարանային ժամանցի նոր ստանդարտ ի հայտ բերեց:

«Արդեն իսկ կան մտքեր այլ միջազգային  մեծարժեք գործեր  ներկայացնելու», - ուրախությամբ նշում է  Դավիթ Պողոսյանը, նաև նկատում, որ նմանօրինակ ցուցադրություններ կազմակերպելը ժամանակատար և աշխատատար է.«Այս ցուցադրությունը նաև նրանով էր ֆանտաստիկ, որ կարողացանք շատ  կարճ ժամանակահատվածում  իրականացնել՝ մոտ 1 տարում: Շատ կարևոր է գործունեության այս ուղղությունը շարունակել:  Այս տարի արդեն այս նույն սրահներում  նախատեսում ենք ունենալ մի հետաքրքիր, պատմական հանդիպում  Ֆրանսիայից՝ Լուվրի թանգարանից հյուրընկալվող 10-ից ավելի առարկաների և մեր թանգարանային հավաքածուների  համադրությամբ, աշխատանքներն ընթացքի մեջ են:  Սպասվում է  նաև մի հետաքրքիր  ցուցահանդես Նիդերլանդերի Դրենց թանգարանի հետ,  որտեղից էլի ակնկալում ենք 10-ից ավելի նմուշներ, որոնք կհամադրվեն մեր նմուշների հետ՝ թույլ տալով   զգալու պատմական ժամանակշրջանի  զուգահեռականներրը»,- ասաց  Դավիթ Պողոսյանը և հավելեց, որ  թանգարանը վերաբացման փուլում է, մայիսին արդեն նոր տարածքում կներկայացվի  մեր պատմության   կարևոր փուլերից 15-18 րդ դարերի ժամանակահատվածը:

 

Մարիամ Մկրտչյան

04 Ապրիլ, 2025 16:45
Վեր