Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պատկերացրեք, որ երևանյան դպրոցներից մեկի գրադարանավար Վաչիկը ինչ-որ կախարդանքով կամ հրաշքով անհետանում է և նրա փոխարեն 1600-ականների Իսպանիայից 2025-ի Երևանում է հայտնվում Դոն Կիխոտ Լամանչեցին... ու սկսվում են արկածները:
«Կինոմոսկվա»-ում մարտի 13-ին կայացավ «Մի անգամ դպրոցում 2․ վերջին պահապանը» ընտանեկան կինոֆիլմի պրեմիերան, որի մի քանի առանցքային հերոսների հանդիսատեսը ծանոթ էր այս ֆիլմին նախորդած «Մի անգամ դպրոցում» ֆիլմից:

Ընկերասիրություն, ազնվություն, սեր գրքի ու գրականության հանդեպ, ազգային արժեքների պահպանություն. ֆիլմը խտացրել է մարդկային արժեքները՝ փորձելով ապացուցել, որ անկախ ժամանակներից, կան գաղափարներ, որոնք երբեք չեն հնանում:
Ֆիլմում Դոն Կիխոտին մարմնավորող Մկրտիչ Արզումանյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ սա այն ֆիլմերից է, որը դժվար է նկարագրել մի քանի բառով. «Ֆիլմի երկրորդ մասին շատ երկար ենք սպասել, քանի որ առաջին մասը բոլորս շատ էինք հավանել ու անհամբեր սպասում էինք երկրորդ մասը իրագործելուն: Կերպարս շատ եմ սիրում, Դոն Կիխոտը միշտ հետաքրքիր է ինձ համար, թեև խորը դրամատիկ կերպար է, սակայն այս նախագծում որոշեցինք մի փոքր այլ մոտեցում ցուցաբերել: Շատ հետաքրքիր է ստացվել ու կարծում եմ՝ շատ ճկուն կերպար է, մեծ սպասումներ ունեմ, որ հանդիսատեսին դուր կգա ֆիլմը և երկար կյանք կունենա», - նշեց նա ու հավելեց, որ փորձել են շատ կարևոր ուղերձներ փոխանցել՝ սկսած սերը դեպի գրքից, մինչև տարբեր արժեքների կարևորության ընդգծում:

Անդրադառնալով նկարահանումների ընթացքին՝ Մկրտիչ Արզումանյանն ընդգծեց, որ դրանք անցել են բավական դժվար ու բարդ պայմաներում. «Ամռան ամենաշոգ օրերին է նկարահանվել, ես էլ գրիմով, տաք հագուստով էի: Այդ ամեն ինչը, իհարկե, բարդ է, բայց երբ նկարահանումների հրապարկում ամեն ինչ ստացվում է ու ինքդ էլ հարստացնում ես հետաքրքիր գրված սցենարը և սյուժեն, կարծում եմ այնպես է ոգևորում այդ ամենը, որ արևը, շոգը, դժվարությունները չեն ազդում: Հաջորդ օրը լիցքավորված գալիս ես, որ կրկին ինչ-որ մի ճանապարհ անցնես, որը նորից քեզ կոգևորի»:
_1741947100.png)
Ֆիլմի հերսներից 12-ամյա Հարութ Խաչատրյանն էլ նշեց, որ իր մարմնավորած հերոսի կերպարն ընկերասիրության մասին է, ով իր ընկերոջն օգնում է, ներում է սուտը ու փորձում է բացահայտել ճշմարտությունը. «Ֆիլմը հաստատ կհետաքրքրի իմ տարիքայիններին, այն դիտողները կսովորեն, որ պետք է կյանքում չստել ու ամենակարևորը լինել ազնիվ, բայց և անկախ դիմացինի սխալներից՝ նրա կողքին կանգնել»:
_1741947005.png)
Կինոնկարում խաղում են նաև Վահագն Գալստյանը, Սամսոն Ստեփանյանը, Անահիտ Մանուկյանը, Նիկոլ Ղուկասյանը, Արա Սարգսյանը։ Կինոնկարը նկարահանվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի աջակցությամբ։ Բեմադրող ռեժիսորը Հարություն Խալաֆյանն է, բեմադրող օպերատորը՝ Հովհաննես Պողոսյանը, սցենարը՝ Նարեկ Ավագյանի։


