Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ուղեղի փտումը»՝ brain rot, ըստ Օքսֆորդի բառարանի 2024-ի տարվա բառն է: Ինչպես կարդում ենք Օքսֆորդի համալսրանի պաշտոնական կայքում, տարվա բառի օգտին քվերարկել է շուրջ 37,000 մարդ՝ ամբողջ աշխարհից, ընտրությանը նպաստել են նաև մասնագիտական քննարկումները:
«Մեր փորձագետները նկատեցին, որ 2024-ին «ուղեղի փտումը» որպես տերմին նոր կարևորություն է ձեռք բերել, այն օգտագործվում է արտահայտելու մտահոգություններն անորակ առցանց բովանդակության չափից ավելի սպառման ազդեցության մասին՝ հատկապես սոցիալական ցանցերում»:
Ըստ աղբյուրի՝ 2023-2024 թվականներին տերմինի օգտագործման հաճախականությունն ավելացել է 230%-ով.««Ուղեղի փտում» արտահայտությունն առաջին անգամ օգտագործվել է դեռ 1854 թվականին Հենրի Դեյվիդ Թորոյի «Ուոլդեն» գրքում, բայց որպես արտահայտություն թվային դարաշրջանում նոր նշանակություն է ձեռք բերել»:
Zarkerak.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին տարվա բառի ընտրությունը չզարմացրեց, նա նկատեց.«Աշակերտներն ամբողջությամբ տարված են հեռախոսներով, սոցիալական ցանցերով, սպառում են ցածրորակ բովանդակություն և տարվա բառի ընտրությունն էլ պատահական չէ»,- նշեց նա ու հավելեց, որ այսօր աշակերտի սովորելու, կենտրոնանալու կարողությունները տեսանելիորեն վատթարացել են:
«Եթե մտնենք պատահական դպրոց, խնդրենք մեկ էջ գրել, կարծում եմ՝ աշակերտների առնվազն 50-60%-ն անբավարար է ստանալու, իսկ սա չկարդալու արդյունք է», ,- մտահոգվեց փորձագետը և ընդծեց, որ «ուղեղի փտման» գործընթացը չի շրջանցում նաև մեծահասակներին:


