Ամանորին ՀՀ-ում գների աճ կա, իսկ հյուրանոցներում ազատ տեղ գրեթե չկա․ ինչ արժե հանգիստը  Հայաստանում և դրանից դուրս Zarkerak - Ամանորին ՀՀ-ում գների աճ կա, իսկ հյուրանոցներում ազատ տեղ գրեթե չկա․ ինչ արժե հանգիստը Հայաստանում և դրանից դուրս
Zarkerak Zarkerak - Ամանորին ՀՀ-ում գների աճ կա, իսկ հյուրանոցներում ազատ տեղ գրեթե չկա․ ինչ արժե հանգիստը Հայաստանում և դրանից դուրս
Ամանորին ՀՀ-ում գների աճ կա, իսկ հյուրանոցներում ազատ տեղ գրեթե չկա․ ինչ արժե հանգիստը  Հայաստանում և դրանից դուրս

Ամանորին ՀՀ-ում գների աճ կա, իսկ հյուրանոցներում ազատ տեղ գրեթե չկա․ ինչ արժե հանգիստը Հայաստանում և դրանից դուրս

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ամանորի օրերին տուրիզմի ոլորտի ծառայությունների մինչև 50 տոկոս գնաճ ունենք,  նաև մոտ 30% էլ դրամի արժևորում՝ նախորդ 2 տարվա  համեմատ։ Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Ներկայացնենք հայաստանյան հյուրանոցների միջինացված գները՝ Նոր տարվա օրերին, որոնք գրեթե ամբողջությամբ արդեն զբաղված են։

Ծաղկաձորում, օրինակ, 2 մեծ 2 փոքրի համար 2 գիշերը 3-աստղանի սովորական, ոչնչով աչքի չընկնող հյուրանոցում հանգիստը կարժենա 70 հազար դրամ, բայց դժվար է ազատ տեղ գտնել, իսկ բարձրակարգ հյուրանոցները արժեքը կկազմի  238.000, 286.000, 548.000, 570.000, 580.000 դրամ...

Տեղափոխվենք Դիլիջան, այստեղ 2 գիշերվա համար հյուրանոցային սենյակների գները սկսում են մոտ 50 հազար դրամից՝ մինչև 160 հազար  և ավելի:  Ջերմուկում գները սկսվում են մոտ 40 հազար դրամից և բարձրանումՄայրաքաղաքում էլ  նվազագույնը 50 հազար դրամ է՝ միջին կարգի հյուրանոցում, իսկ շքեղ համարներում համարներում հասնում է մինչև 400 հազար դրամ և ավելի:  

Իսկ հիմա ներկայացնենք դրսի հանգստի  միջինացված գները։ Ամանորին Թբիլիսում հինգ օրվա հանգիստը մեկ հոգու համար  սկսվում է 130 դոլարից,  Եգիպտոսում 7 օրվանը՝  590 դոլար կկազմի,  Դուբայում և Աբու-Դաբիում 6 օրը՝ սկսված 890 դոլարից։

Ինչ վերաբերում է հյուրատներում գները սկսում են շուրջ 10-20 հազար դրամից, հասնում մինչև 50-60  հազարի: Իսկ եթե ուզում եք հյուրատունը լինի միայն ձեր տրամադրության տակ, ապա  տարբերակները շատ են՝ գներն էլ ՝ 50 հազար, 160 հազար, անգամ՝ 500 հազար: 

Մեզ հետ զրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նկատել էր«Որքան էլ տարօրինակ հնչի, ամենաարագը վաճառվում են նոր տարվա ամենաթանկ փաթեթները,  ընդ որում և Երևանում, և մեզ հայտնի զբոսաշրջային վայրերում՝ Դիլիջանում, Ծաղկաձորում. այստեղ տնտեսական պարզ հաշվարկ կա, եթե կա պահանջարկ, նաև առաջարկ»: 

Գևորգյանը նաև նշել էր, որ ՀՀ-ում հյուրատները մատչելի այլընտրանք են հյուրանոցներին.«Միջին արժեքը  8-12 հազար դրամ է, իսկ եթե փաթեթով են վերցնում՝ ներառյալ նախաճաշը, երկտեղանոց համարը 20 հազար դրամ է»: 

«Զբոսաշրջիկների մեծ մասն Ամանորին գալիս է Հայաստան՝ ձյուն  տեսնելու համար: Արաբները հիմնականում նախընտրում են Ծաղկաձորը, հնդիկները՝ Ջերմուկը», -Zarkerak.am-ի հետ զրույցում նկատեց տուրիստական գործակալություններից մեկի տնօրեն Նատալյա Արծրունին:  

Նա, սակայն, նշեց, որ եթե համեմատում ենք նախորդ երկու տարիների հետ, երբ ակտիվ ներհոսք կար ՌԴ-ից ու տոների շրջանում ամրագրումները շատ էին, այս տարին ավելի պասիվ է.«Այս շրջանը, առհասարակ, օտարերկրացինների այցելությունների տեսանկյունից բարձր ակտիվության սեզոն չի համարվում: Ամրագրողներն էլ հիմնականում ԱՄԷ-ից,  ՌԴ-ից, Հնդկաստանից, Սինգապուրից են: Խմբային տուրերի դեպքում հիմնականում նախընտրում են 3-4 աստղանի հյուրանոցներ, անհատական պատվերների դեպքում հիմնականում՝ 5-աստղանի»,- նշում է մեր զրուցակիցը, և ընդգծում, որ այո, ՀՀ-ում հյուրանոցային ոլորտի առաջարկվող գները շատ հարմարներից չեն: Այս ամենի «մեղավորն էլ», ըստ նրա փոխարժեքի տատանումն է, որի հետևանքով հյուրանոցային փաթեթների գները բարձրանում են՝ այդ թվում տոնական օրերի շրջանում: 

Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ պետք է գին-որակ հարաբերակցության մեջ լինենք մրցունակ: Իսկ մրցակցություն, իհարկե,  կա  և հարևանների հետ,  և տարածաշրջանային երկրների և Եվրոպական որոշ ուղղությունների հետ:

«Պետք է հասկանանք, թե մենք ու նրանց մրցակցային ինչ պրոդուկտ ենք առաջարկում՝ ծառայությունների ու գների մասով հատկապես:  Հաճախ Ամանորին համեմատում ենք Վրաստանի ու Հայաստանի ծառայությունների արժեքը, բայց պետք  չէ համեմատել Քոբուլեթիի սովորական տունն ու Ծաղկաձորի 5-աստղանի հյուրանոցի շքեղ համարն ու ասել, որ Վրաստանում ավելի մատչելի է, պետք է նույնատիապ ծառայությունների համեմատություն անել»: 

Մեխակ Ապրեսյան

Ըստ Ապրեսյանի, Ամանորին ՀՀ-ում առաջարկվող օրինակ հյուրանոցային փաթեթները սովորականից ավելի բարձր գներով են։ Մյուս կողմից էլ նկատում է, առաջարկվող փաթեթները պահանջարկ ունենում են, այնպես չէ, որ մերոնք բոլորը գնում են դուրս,  Հայաստանն էլ մնում է դատարկ. «Եթե պահանջարկը կա, ինչու՞ չպետք է այդ առաջարկը ձևավորեն»:  

Նրա կարծիքով, վերջին շրջանում սակայն ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս մրցակցությունը ստիպում է հյուրանոցային ծառայությունների գները, այդ թվում՝ փաթեթային տարբերակը աննշան, բայց դիվերսիֆիկացնել.«Մենք չպետք է մեզ գերագնահատենք և առկա պահանջարկից չպետք է շատ ոգևորվենք և  մեր մրցունակությունը գցենք:  Նման փորձ ունեցել ենք՝ զբոսաշրջիկների հոսքով, մասնավորապես ռուսների գալով ոգևորվեցինք և  ունեցանք գների անհարկի բարձրացումներ: Ահազանգն իրեն սպասեցնել չտվեց, այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով ունենք զբոսաշրջիկների թվի նվազում՝ 6,2%-ով»: 

Մեխակ Ապրեսյանի խոսքով, թեև ավանդական թիրախային երկրների կողքին ավելացել են ՀՀ-ով հետաքրքրված այլ երկրներ ևս՝ ինչպես Չինաստանը, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Ֆիլիպինները, բայց որոշ երկրներում ՀՀ անվտանգային տեսանկյունից կարմիր համարվելը խոցելի է դարձնում մեր երկիրը զբոսաշրջային ռեսուրսներն իրացնելիս: 

Ի դեպ մեզ հետ զրույցում, տուրիստական գործակալություններից մեկից հայտնեցին, որ ՀՀ քաղաքացիները արտասահմանում տոներն անցկացնելու համար ամրագրումներ սկսել են կատարել դեռ սեպտեմբերից: Այս տարի պահանջված ուղղություններն են՝ Վրաստանը, Եգիպտոսը, Աբու-Դաբին: Հիմնականում նախընտրությունն էլ բյուջետային սեգմենտի հյուրանոցներն են, դրանց առաջարկած փաթեթներն առավել արագ են սպառվում ՀՀ քաղաքացիների կողմից:  

 

 

Մարիամ Մկրտչյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

20 Դեկտեմբեր, 2024 19:07
Վեր