Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 23-ի երեկոյան՝ Սպիտակ տան հարևանությամբ գտնվող 17-րդ փողոցի և Փենսիլվանիա ավենյուի խաչմերուկում։ Գաղտնի ծառայության տվյալներով՝ տղամարդը մոտեցել է անցակետին, պայուսակից հանել զենքը և կրակ բացել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ Նրանք պատասխան կրակ են բացել և վիրավորել հարձակվողին։
Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ավելի ուշ մահացել է։ Փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է նաև պատահական անցորդ։ Գաղտնի ծառայությունում հայտնել են, որ դեռևս պարզ չէ՝ նա վիրավորվել է հարձակվողի առաջին կրակոցներից, թե արդեն անվտանգության աշխատակիցների պատասխան կրակի ժամանակ։ Իրավապահներից ոչ ոք չի տուժել։
Կրակոցների պահին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնվել է Սպիտակ տանը։ Իր Truth Social սոցիալական ցանցում նա հայտարարել է, որ հրաձիգը ունեցել է «բռնության պատմություն» և «հնարավոր մոլուցք երկրի ամենաթանկարժեք շենքերից մեկի նկատմամբ»։ Նախագահը նաև կրկին կոչ է արել Վաշինգտոնում ստեղծել «այս տեսակի ամենաանվտանգ և պաշտպանված տարածքը» ապագա ամերիկացի նախագահների համար։

